Հինգշաբթի, 4 Դեկտեմբերի 2014 18:19
Հայաստանում Ֆրանսիական համալսարանն աշխատանքի շուկայում հայտնի է իր շրջանավարտների բարձր պահանջարկով
ԱրմԻնֆո. Հայաստանում Ֆրանսիական համալսարանն աշխատանքի շուկայում հայտնի է իր շրջանավարտների բարձր պահանջարկով, ամեն տարի լավագույն մասնագետներ պատրաստելով իրավոնքի, կառավարման և մարկետինգի ոլորտներում: Առ այսօր համալսարանն ունի ավելի քան 1500 շրջանավարտ, որոնցից ավելի քան 70%-ն աշխատում է Հայաստանում իրենց մասնագիտությանը համարժեք և միայն 6-7%-ն է սովորում կամ աշխատում արտասահմանում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հասարակայնության հետ կապերի բաժնից, դեկտեմբերի 5-ին` ժամը 18:30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2013-2014 ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում կտրամադրվեն նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գերազանցության կրթաթոշակներ համալսարանի 23 ուսանողներին: ՀԲԸՄ-ն ամեն տարի գերազանցության կրթաթոշակներ է շնորհում համալսարանի լավագույն ուսանողներին:
ՀՖՀՀ 2013-2014թ. շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողության հովանավորն է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը, որն արդեն երկար տարիներ համագործակցում է համալսարանի հետ կադրերի պատրաստման գործում: Բանկը նաև նորաբաց «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտացմամբ բակալավրիատի բացառիկ հովանավորն է: Ամեն տարի բանկում իրենց արտադրական պրակտիկան են անցնում համալսարանի բազմաթիվ ուսանողներ, իսկ մասնագիտական բարձր ունակություններ ցուցաբերած շատ շրջանավարտներ արդեն համալրել են բանկի աշխատակիցների շարքերը:
Միջոցառմանը հրավիրված են Հայաստանում ֆրանսիական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժակ Կոմբին, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգէն Եագուպեանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:
Նշենք, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը միջպետական բուհ է` հիմնադրված Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների կողմից, 2001 թվականին: ՀՖՀՀ-ն միաժամանակ շնորհում է հայկական և ֆրանսիական Licence/Բակալավրի և Master/Մագիստրոսի պետական դիպլոմներ:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում գործոմ է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերին բանկի մեծամասնական բաժնետերերը դարձան եվրոպական Credit Agricole S.A.բանկը, որի մասնաբաժինը բանկի կապիտալու կազմում է 15.56% և SJSC Sacam International-ը (Credit Agricole S.A.խմբի անդամ)` 12.44%: