Չորեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2014 16:27
Արդշինբանկն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից միջազգային ֆինանսական շուկայում թողարկել է պարտատոմսեր և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ  
ԱրմԻնֆո. 2014 թվականի դեկտեմբերի 9-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի թողարկումը առաջին նման գործարքն է միջազգային ֆինանսական շուկաներում 2013 թվականին Հայաստանի Հանրապետության կողմից տեղաբաշխված եվրապարտատոմսերի թողարկումից հետո: 
Աղբյուրի համաձայն, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման Գլխավոր Տեղաբաշխողը: 
Հեղինակավոր  Moody's վարկանշային գործակալությունը  «Արդշինբանկ» ՓԲԸ-ի պարտատոսմերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշ՝ բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի և Clearstream-ի համակարգերում: Պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները ուղղվելու են «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ռազմավարությամբ նախատեսված գործառնությունների ընդլայմանը:
«Արդշինբանկ» ՓԲԸ ղեկավարությունը գոհունակություն է հայտնում նախադեպը չունեցող այս թողարկման արդյունքներից և միջազգային ներդրողների կողմից բանկի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության աստիճանից: Այս կապակցությամբ «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց. «ՄԵնք հպարտ ենք, որ Արդշինբանկը Հայաստանում առաջին ոչ պետական կառույցն է, որը կարողացել է տեղաբաշխել պարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում: Սա կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր բանկի, այլև մեր երկրի համար, քանի որ այն օգնում է Հայաստանի մասնավոր ընկերություններին գրավել իրենց տեղը միջազգային ֆինանսական «քարտեզում»:
Նշենք, որ 2014 թվականի նոյեմբերի 13-ին «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվեց «Արդշինբանկ» ՓԲԸ-ի, որը հիմնադրվել է  2002 թ.-ին և հանդիսանում է  Հայաստանի առաջատար բանկերից մեկը: Բանկը ձեռք բերեց «Արդշինբանկ» ՓԲԸ ակտիվները, մասնաճյուղերի հետ միասին (24), ինչպս նաև «Ագրոբանկ» ՓԲԸ ակտիվները, մասնաճյուղերի հետ միասին (35): Այժմ բանկն ունի լայն մասնաճյուղային ցանց հանրապետության ողջ տարածքով՝ 55 մասնաճյուղերով: Moody's կողմից Բանկի վարկանիշը գնահատվել է Ba3 կայուն հեռանկարով: 2014թ. սկզբին “Արդշինբանկ” ՓԲԸ-ն միջազգային ներդրողներից ներգրավեց 18 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ` դառնալով Հայաստանի առաջին բանկը, որն իրականացրեց այդ գործարքն առանց միջազգային դոնոր կազմակերպությունների օգնության: