2015թ.-ի ապրիլի 16-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ ԱՄՆ դոլարով արտահայտված արտարժութային պարտատոմսերի 1-ին և 2-րդ թողարկումների տեղաբաշխումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից:
Աղբյորի համաձայն, ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ն առաջին անգամ է իրականացնում պարտատոմսերի թողարկում: Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 2,000,000 ԱՄՆ դոլար (1-ին տրանշ, SWISB1) և 3,000,000 ԱՄՆ դոլար (2-րդ տրանշ, SWISB2) ծավալներով պարտատոմսերի երկու թողարկումներ: Տեղաբաշխմանը ներկայացված պարտատոմսերի առաջին տրանշը ներառել է 3 տարի ժամկետայնությամբ, 7.5% արժեկտրոնի տոկոսադրույքով, 2,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (SWISB1), իսկ երկրորդ տրանշը՝ 4 տարի ժամկետայնությամբ, 8.0% արժեկտրոնի տոկոսադրույքով, 3,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (SWISB2): Յուրաքանչյուր թողարկման մեկ պարտատոմսի անվանական արժեքը 1,000 ԱՄՆ դոլար է:
SWISB1 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են:
Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 2,000,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել է 2,000,000 ԱՄՆ դոլար : Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝ 7.5 %: SWISB2 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են:
Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել է 3,010,000 ԱՄՆ դոլար: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել 3,000,000 ԱՄՆ դոլար: Տեղաբաշխված արժեթղթերի կտրման գինը եղել է 1,000 ԱՄՆ դոլար, իսկ միջին կշռված եկամտաբերությունը և կտրման եկամտաբերությունը՝ 8 %:
Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am «Նորություններ» բաժնից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությանէ Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արմսվիսբանկը ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 84.5 մլրդ դրամ, տարեկան աճը`21%: Ընդհանուր կապիտալը կազմել է 17,9 մլրդ դրամ, վարկային ներդրումները`38.1 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`32.4%, պարտավորությունները կազմել են 66.6 մլրդ դրամ, տարեկան աճը`36.9%, ժամկետային ավանդները`29.3 մլրդ. դրամ (գերակշռում են իրավաբանական անձանց միջոցները), տարեկան աճը` 35,1%: Պետական պարտատոմսերին կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 28.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 4,4%: 2014 թվականը բանկը եղրափակլ է 2,3 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`32.4%: Այս ցուցանիշով բանկը գտնվում է լավագույն տասնյակում:
Նշենք, որ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը հիմնադրվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն 2004թ. հոկտեմբերի 7-ին և ՀՀ ԿԲ-ից ստացել է բանկային գործունեության լիցենզիա 2005թ. փետրվարի 25-ին: Բանկի բաժնետոմսերի 80%-ի սեփականատերն է հանդիսանում Վարտան Սիրմակեսը, ով շվեյցարական ժամացույցների «Ֆրանկ Մյուլլեր Ուոչլանդ» ընկերության հիմնադիրն է, իսկ 20%-ը պատկանում է Վարտան Սիրմակեսի կողմից կառավարվող «ԲԵԼԵԳԻՆԳՍՄԱՉԵՓԻՋ ՋՈՆԳՈ» ՍՊԸ–ին: Բանկը գործունեություն է ծավալում կորպորատիվ և ներդրումային ուղղություններով՝ կիրառելով փրայվիթ բենքինգի տեխնոլոգիաներ:
Նշենք նաև, որ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերն է:
Nasdaq (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատուցողն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով Nasdaq-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ Nasdaq-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. ողջ աշխարհում արժեթղթերով 10 գործարքներից 1-ը իրականացվում է Nasdaq-ի միջոցով: Nasdaq-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8,5 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,400 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: