Մայիսի 15-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի հիշատակին նվիրված երեկո, որին մասնակցում էին`մայրը, մտերիմները, բարեկամները, գործընկերները:
«Մեկ տարի առանց Ստեփան Գիշյանի և նրա հետ»,-այսպես բնութագրեց անցյալ մեկ տարին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, խոսելով իր ուսանողական ընկերոջ մասին:
«Այս մեկ տարվա ընթացքում նա մեր կողքին չէր, բայց մենք հաճախ էինք նրան հիշում, խոսում նրա հետ, խորհուրդներ հարցնում, քանի որ Ստեփան Գիշյանն ուներ հումորի մեծ զգացում, հաճախ էինք քննարկում նրա տեսակետները, քանի որ այն, ինչ նա հասցրեց անել – մեծ պաշար է բոլորիս համար: Ս.Գիշյանը բանկային համակարգին բերեց նոր ստանդարտներ, մոտուցումներ և մշակույթ: Հնարավոր է, որ դրանով է բացատրվում այն փաստը, ԱԿԲԱ Բանկը հատուկ դիրք է զբաղեցնում բանկային համակարգում և շատ հարցերում տարբերվում է մյուս բանկերից: Դրանք առաջին հերթին Ստեփան Գիշյանի նոր մոտեցումների արդյունքն են»,-ասել է Հակոբ Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ-ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, ով բանկը ղեկավարում էր հիմնադրման օրից, մահացել է 2014 թվականի մարտի 22-ին:
Նշենք, որ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» Հայաստանում գործում է 1995 թվականից, սկզբում որպես Գյուղացիական փոխօգնության կոոպերատիվ բանկ: 2006 թվականից բանկի մեծամասանական բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն բանկային` Credit Agricole S.A. խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է «Sacam International» բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%: Բացի այդ, բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղերի, ինչպես նաև մարզային մասնաճյուղերի, ցանցով բանկը երկրորդն է հանրապետությունում – 56 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է մարզերում (41 մասնաճյուղ), իր ներկայությունն ապահովելով Հայաստանի բոլոր մարզերում: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով 2014 թ-ին իր դիրքերն ամրապնդել է լավագույնների հնգյակում: