 

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով 2015 թվակային Հայաստանի տնտեսական աճը կնվազի 1%, իսկ գնաճը կկազմի 6.4%, 2014 թվականի ՀՆԱ-ի 3.4% աճի և 3.1% գնաճի փոխարեն: ԱՄՀ «Տարածաշրջանային տնտեսությունների զարգացման հեռանկարները» Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 18-ին, նշվում է, որ 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ դինամիկան կլինի զրոյական, իսկ գնաճը` 4%:
Ըստ ԱՄՀ կանխատեսումների, Հայաստանի ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոն 2015-2016 թվականներին կպահպանվի ՀՆԱ-ի մինուսային` 8.6% մակարդակում, 2014 թվականի մինուսային` 9.2%-ի փոխարեն: Բյուջեի դեֆիցիտը 2014-ի ՀՆԱ-ի 2.1%-ից 2015 թվականին կհասնի 4.5%-ի, իսկ 2016-ին կկրճատվի մինչև 2.8%:
Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ընդհանուր առմամբ, ԱՄՀ կանխատեսում է ՀՆԱ աճի դանդաղում, որը 2014-ի 5.3%-ից` 2015-ին կիջնի մինչև 3.2%, իսկ 2016-ին կարագանա, հասնելով 4.2%-ի: Ընդ որում, գնաճը տարածաշրջանում, ԱՄՀ կանխատեսումներով, 2014-ի 5.8%-ից` 2015-ին կհասնի 7%-ի, իսկ 2016-ին կկազմի 6.6%: Ընթացիկ գործառնությունների հաշվի սալդոն ՀՆԱ-ի 1.7% դրական արժեքից, որն արձանագրվել էր 2014-ին, 2015-ին կվերածվի 3.4% դեֆիցիտի, իսկ 2016-ին մինուսային մակարդակը կհասնի ՀՆԱ-ի 2%-ի: Բյուջետային սալդոն ՀՆԱ-ի 1.1% պրոֆիցիտից, որն արձանագրվել էր 2014-ին, 2015-ին կվերածվի 3% դեֆիցիտի, իսկ 2016-ին դեֆիցիտը կկրճատվի 1%: «Կրկնակի ցնցումները, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղումը և նավթի գների նվազումը զգալի վնաս են հասցնում այս տարածաշրջանին: Այդ պատճառով էլ 2015 թվականին կանխատեսվում է Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վատթարացում: Փոխարժեքի տատանումները, մասնավորապես, ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը և ռուբլու փոխարժեքի իջնելը, ավելի են խորացնում պրոբլեմը: Աճի հեռանկարներն այս տարածաշրջանում երբեք այդքան թույլ չեն եղել, 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամից ի վեր: Ռուբլու թուլացումն էլ ավելի կկրճատի Ռուսաստանից ուղղվող դրամական փոխանցումների հոսքերը (Հայաստան, Ղրղզստան, Տաջիկստան)»,-նշում են ԱՄՀ վերլուծաբանները:
ԱՄՀ փորձագետները հիշեցնում են, որ դրամական փոխանցումների և արտահանումների կրճատումը, ինչպես նաև ռուբլու թուլացումը ճնշեցին այդ երկրների արժույթներին, ինչի արդյունքում, Թուրքմենիստանում և Ադրբեջանում 2015 թվականին տեղի ունեցավ արժույթների դեվալվացիա: Հայաստանը, Վրաստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը, պաշտպանելով իրենց միջազգային պահուստները և պահպանելով ազգային արժույթով դրամական փոխանցումների արժեքը, իրենց արժույթներին ստիպեցին դոլարի նկատմամբ համեմատաբար իջնել: Այս ամենից ելնելով, ԱՄՀ վերլուծաբանները երկնիշ գնաճ են կանխատեսումը Ղրղզստանում և Տաջիկստանում, որը 2015 թվականին համապատասխանաբար կկազմի` 10.7% և 12.8%: Իսկ ամենաբարձր աճը կանխատեսվում է Թուրքմենիստանում և Ուզբեկստանում, համապատասխանաբար` 9% և 6.2%, իսկ ամենացածր դրական դինամիկան` Ադրբեջանում – 0.6% և Ղրղզստանում – 1.7%: Տաջիկստանում ՀՆԱ աճը 2015 թվականին կկազմի 3%, Վրաստանում և Ղազախստանում` 2%: 2015 թվականին սպասվող գնաճի մակարդակով Ղրղստանից և Տաջիկստանից հետո երրորդ տեղում է Ուզբեկստանը – 9.5%, որին հաջորդում է Ադրբեջանը – 7.9%. Տաջիսկատանը – 7.7%, Հայաստանը – 6.4%, Ղազախստռանը – 5.2%, իսկ ամենացածր գնաճը կանխատեսվում է Վրաստանում – 3%:
ԱՄՀ զեկույցում նշվում է, որ նավթ արտահանող երկրներն օգտագործում են իրենց պահուստները, որպեսզի մեղմեն նավթի գների անկման հետ կապված ցնցումը, իսկ նավթ ներմուծող երկրները ճնշումներ են զգում, կապված դրամական փոխանցումների հոսքերի կրճատման հետ: Փորձագետները նշում են, որ ֆինանսական հատվածում և կառուցվածքային բարեփոխումների ոլորտում պետք է լինել աչալուրջ: Տարածաշրջանում ընթացիկ տնտեսական պայմանները դժվարացնում են նաև բանկերի գործունեությանը, քանի որ ֆինանսական համակարգերը նույնպես ճնշումների են ենթարկվում զանազան աղբյուրներից: Արժութային փոխարժեքների աճը մեծացնում է վարկային, ինչպես նաև անվճարունակության ռիսկերը, հատկապես դոլարիզացիայի և արտարժույթով տրամադրվող վարկերի առումով: Տնտեսական աճի դանդաղումը տարածաշրջանում մեծացնում է վարկային ռիսկերը, հատկապես բանկային կառավարման թույլ համակարգեր և ստանդարտ անդերրայթերներ ունեցող երկրներում: Հետևաբար, բանկային վերահսկողության մարմինները պետք է ակտիվացնեն ֆինանսական համակարգերի նկատմամբ հսկողությունը տարածաշրջանում, միաժամանակ ամրապնդելով ճգնաժամային կառավարման հիմքերը: Զեկույցում եզրակացություն է արվում, որ տարածաշրջանի երկրներին աջակցելու և ցնցումներն ամորտիզացնելու, ինչպես նաև մրցունակությունը պահպանելու և պահուստների սպառումը կանխելու համար անհրաժեշտ է բարձրացնել փոխարժեքային ճկունությունը: Տարածաշրջանի միջնաժամկետ հեռանկարների շարքում կարևորագույն նշանակություն կարող են ունենալ նաև կառուցվածքային վճռական բարեփոխումները: Ըստ ԱՄՀ-ի, դիրեկտիվային մարմինները պետք է ուժեղացնեն գործարար մթնոլորտի ամրապնդման պայմանները, կատարելագործեն և դիվերսիֆիկացնեն իրենց տնտեսությունները, որպեսզի փոքրանա դրանց կախվածությունը բորսայական ապրանքների արտահանումից և դրամական փոխանցումներից:
Նշենք, որ ԱՄՀ մեթոդաբանությամբ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների շարքում են` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը: Ավելին, Հայաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը հանդիսանում են ԵԱՏՄ անդամներ, որի կազմում են նաև Ռուսաստանը և Բելառուսը: ԱՄՀ-ն Ռուսաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանմխատեսումն իջեցրել է` ՀՆԱ-ի մինուս 3.0% -ից մինչև մինուս 3,8%: Ըստ վիճակագրության, 2014 թ. Ռուսաստանի տնտեսական աճը կազմել է 0,7%:
Հիշեցնենք, որ մի շարք միջազգային ֆինանսական ինստիտուտներ նույնպես վատթարացել են Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները: Մասնավորապես, Համաշխարհային բանկ – մինչև 0,8% (մինչ այդ` 3,3%), ԵԱԶԲ - 3,8%, ՎԶԵԲ-ը կանխատեսում է լճացում, Ասիական զարգացման բանկը` 1.6% աճ, Fitch վարկանիշային գործակալությունն ակնկալում մեղմ ռեցեսիա, կապված Ռուսաստանի հետ, իսկ Moody’s գործակալությունը կանխատեսում է 2,3% աճ: Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2015 թվականին կանխատեսում է` 0.4% -2%: «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենով երկրի ՀՆԱ-ի իրական աճը նախատեսված է 4.1%, իսկ գնաճը` 4% (+ 1.5%), ՀՆԱ-ի դեֆլյատորը` 3,3%: