«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրվեց 4 703 150 400 ՀՀ դրամով կամ 10 մլն ԱՄՆ դոլարով: Տվյալ որոշումն ընդունվել է 2015թ. հունիսի 30-ին կայացած «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, կանոնադրական կապիտալը համալրվելու է Բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ կողմից թվով 90 400 հասարակ (սովորական) լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով:
Այսպիսով, Բանկի փաստացի ձևավորված կանոնադրական կապիտալը կկազմի 30 590 871 792 ՀՀ դրամ կամ շուրջ 65 մլն ԱՄՆ դոլար (ըստ 03.07.15թ. հրապարակված ՀՀ ԿԲ փոխարժեքի): Տվյալ ցուցանիշի առումով Բանկը հնարավորություն կունենա զբաղեցնել առաջատար դիրքերից մեկը ՀՀ բանկային համակարգում:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական զարգացման հեռանկարները միևնույն տնտեսական և մաքսային հարթակում թույլ են տալիս բարձրացնել հանրապետության բանկային համակարգում ներդրումների հնարավորությունը ինչպես ռուսաստանյան խոշոր ներդրողների, այնպես էլ Գազպրոմբանկի կողմից: Չնայած գործող ճգնաժամին` բաժնետերր բանկի առջև դնում է լուրջ խնդիրներ, հաճախորդների համար նորանոր հետաքրքիր նախագծերի և առաջարկների ներդրման ուղղությամբ: Համոզված ենք, որ ԳՊԲ աջակցությամբ Առէկսիմբանկը կարող է դառնալ առաջատարը Հայաստանի տնտեսության կարևոր ռազմավարական նշանակության ոլորտների ֆինանսավորման գծով: Առէկսիմբանկն իրեն զգում է կայուն դիրքերում, բանկի առաջընթացը շարունակվում է»,-ասված է բանկից ստացված հաղորդագրության մեջ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ընդհանուր կապիտալը 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել է 25,6 մլրդ դրամ (8 տեղ), կանոնադրական կապիտալը`25.9 մլրդ դրամ (2-րդ տեղ), ակտիվները`107,3 մլրդ դրամ (11-րդ տեղ), վարկային ներդրումները`75 մլրդ դրամ (10 տեղ), պարտավորությունները` 81.8 մլրդ դրամ (12 տեղ): 2015 թվականի առաջին եռամսյակը բանկը եզրափակլ է 157 մլն դրամ զուտ շահույթով: Առաջին եռամսյակում բանկն ընդհանուր կապիտալը մեծացրել է 60.1%, կանոնադրական կապիտալի` 57.4% համալրման հաշվին, 14% կուտակված վնասի ֆոնի ներքո: Առաջին եռամսյակում Ռուսաստանի Գազպրոմբանկը հայաստանյան իր «դստեր»`Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի կանոնադրական կապիտալը համալրեց հունվարին`9.4 մլրդ դրամով ($ 20 մլն), ինչի արդյունքում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը հասավ 25.9 մլրդ դրամի: Նախորդ կապիտալիզացիան տեղի էր ունեցել 2013-ի կեսերին, երբ կանոնադրական կապիտալն աճել էր 25% և կազմել 16,5 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ընդգրկված է Ռուսաստանի երեք խոշորագույն բանկերի շարքում և հանդիսանում է հայաստանյան Առէկսիմբանկի միակ բաժնետերը: Ներկայումս իր գործունեության հիմնական ուղղություններից Առէկսիմբանկն ակտիվորեն կատարելագործում է դրամարկղա-հաշվարկային գործառնությունների, վարկավորման, նախագծային ֆինանսավորման, ՓՄՁ վարկավորման պայմանները, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրամադրում է ծառայությունների լայն տեսականի:
Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ Կենտրոնական բանկի նոր նորմատիվը, որի համաձայն, Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանվում է 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն, 2014 թվականի դեկտեմբերի 14-ին համապատասխան փոփոխություններ կատարելով «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» ՀՀ օրենքի կանոնակարգ 2-ում: Խստացումն ուղղված է բանկերի միաձուլմանն ու միավորմանը, ինչը կբերի այդ հատվածի մասնակիցների խոշորացմանը, ապահովելով կապիտալի մասշտաբի դրական արդյունք, նպաստելով ավելի որակյալ և մատչելի բանկային սպասարկմանը, միաժամանակ ձևավորելով առողջ մրցակցային միջավայր: Բացի այդ, կբարձրանա բանկային գործունեության արդյունավետությունը և կամրապնդվի կայունությունը: