Հայաստանում 2015 թվականի մայիսին` տարեսկզբի համամետ արձանագրված բնակարանների թանկացումը վկայում է ընդամենն այն մասին, որ անշարժ գույքի շուկան կարգի է գալիս դեկտեմբերին դրամի կտրուկ արժեզրկումից հետո: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին:
«Այդպիսի աննշան աճը լուրջ փոփոխությունների ցուցանիշ չէ: Այն ընդամենը շուկայի կայունացման դրսևորում է` նախորդ տարվա դեկտեմբերին ազգային արժույթի արժեզրկման արդյունքում անշարժ գույքի գների դոլարային արտահայտությամբ անկումից հետո:
Բորսայի ղեկավարը կարծում է, որ անշարժ գույքի շուկայում գործարքների կրճատումը պայմանավորված է ռուսաստանյան փոխանցումների անկմամբ, որոնք կազմում են բնակչության եկամուտների առյուծի բաժինը, ինչպես նաև` երկրում գործարար ակտիվության նվազմամբ և միգրացիայի աճով: «Բացարձակ աճ կարող է ապահովվել միայն ներքին արտադրության զարագցման պայմաններում», - նշել է Ա.Պրիբիլսկին:
ՀՀ անշարժ գւոյքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, Հայաստանում բնակարանների միջին շուկայական արժեքը 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին ավելացել է 0,7%-ով, ինչը պայմանավորված էր մարզերում բազմաբնակարան շենքերի բնակարանների առավել թանկացմամբ` 2,7%-ով, մինչև 1 քմ դիմաց 86.4 հազար դրամ, Երևանում ավելի պակաս թանկացմամբ` 0,1%-ով, մինչև 274.2 հազար դրամ 1 քմ դիմաց: Մայրաքաղաքում և մարզերում առանձնատները նշված ժամանակահատվածում պահպանվել են, համապատասխանաբար, 1 քմ դիմաց 286.7 հազար և 89.8 հազար դրամի մակարդակում: Տարեկան արտահայտությամբ Երևանում և մարզերում բնակարանները թանկացել են 0,2%-ով, իսկ առանձնատների գները չեն փոխվել: 2015 թվականի մայիսին անշարժ գույքին առնչվող գործարքների թիվը կազմել է 15400, տարեսկզբի համեմատ կրճատվելով 20,3%-ով, իսկ տարեկան արտահայտությամբ` 14,3%-ով:
Հիշեցնենք, որ 2014 հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել էր 45%-ով, իսկ 2014 թվականին դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել էր 40%-ով: Մայիսի 31-ի դրությամբ դոլարի հաշվարկային փոխարժեքը կազմել էր 478,54 դրամ 1 դոլարի դիմաց: