Արմինֆո.ACBA ON-LINE ծառայությունը համալրվել է ևս մեկ հնարավորությամբ. այսուհետ ծառյությունից օգտվող բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան կատարել փոխանցումներ իրենց քարտային հաշիվներից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ACBA ON-LINE ծառայության միջոցով հաճախորդը հնարավորություն է ստանում` հետևել իր բանկային հաշիվներին, իրականացնել պարբերական փոխանցումներ և կոմունալ վճարումներ, կատարել արտարժութային փոխարկումներ, ձևակերպել ավանդի գրավով վարկային գիծ և սպառողական վարկ, իրականացնել վարկերի, առևտրային վարկային գծերի, օվերդրաֆտների լրիվ կամ մասնակի մարում, բացել ընթացիկ հաշիվներ, վերաբացել ընթացիկ հաշիվներ, ձևակերպել ավանդ, ավելացնել ավանդի գումարը, ինչպես նաև կատարել ելքային գործարքներ քարտային հաշիվներից:
Աղբյուրի համաձայն, «ACBA ON-LINE» ծառայությունից օգտվող հաճախորդները կարող են կատարել ՀՀ դրամով փոխանցումներ, Bank_Mail համակարգով` ԱՆՎՃԱՐ:
Ծառայության միջոցով ավանդ ներդնելու դեպքում ավանդի տոկոսադրույքը սահմանվում է բանկում տվյալ պահին գործող տարեկան տոկոսադրույքից 0.1% ավելի: «ACBA ON-LINE» համակարգի միջոցով կարելի է կատարել նաև հաշիվների վերաբացում` ԱՆՎՃԱՐ:
Նշենք, որ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» Հայաստանում գործում է 1995 թվականից, սկզբում որպես Գյուղացիական փոխօգնության կոոպերատիվ բանկ: 2006 թվականից բանկի մեծամասանական բաժնետերը դարձավ եվրոպական խոշորագույն բանկային` Credit Agricole S.A. խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է «Sacam International» բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%: Բացի այդ, բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղերի, ինչպես նաև մարզային մասնաճյուղերի, ցանցով բանկը երկրորդն է հանրապետությունում – 56 մասնաճյուղ, որոնց մեծ մասը գտնվում է մարզերում (41 մասնաճյուղ), իր ներկայությունն ապահովելով Հայաստանի բոլոր մարզերում: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հիմնական հաշվեկշռային ցուցանիշներով 2014 թ-ին իր դիրքերն ամրապնդել է լավագույնների հնգյակում: