Երկու շաբաթ բորսան և միջբանկը միմյանց չեն զիջում արժութային գործարքներում, իսկ դրամը շարունակում է թուլանալ հիմնական արժույթների նկատմամբ: Այսպես, սեպտեմբերի 7-11-ը ներառյալ բորսայական արտարժութային գործարքների ծավալը կրճատվեց մոտ 2 անգամ, աննշան կերպով գերակշռելով արտարժույթի միջբանկային շուկայի ծավալներին, որոնք կրճատվեցին ավելի քան 2 անգամ: Արդյունքում, դրամը, հուլիսին դոլ%արի նկատմամբ արձանագրելով 474-ից մինչև 478.3 դրամ/դոլար արժեզրկում, իսկ օգոստոսի 24-ին հասնելով 485.5 դրամ/դոլար սահմանագծին, օգոստոսի վերջին աննծան չափերով ամրապնդվեց, մինչև 484 դրամ/դոլար (ՀՀ ԿԲ օգոստոսի 28-ի խոշորամասշտաբ միջամտության շնորհիվ), բայց սեպտեմբերին կրկին սկսեց արժեզրկվել, սեպտեմբերի 11-ին կազմելով 485.5 դրամ.դոլար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 7-11-ը ներառյալ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱե բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 4.8 մլն.դոլար, 485.78 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Բորսան շաբաթվա ընթացքում աշխատել է միայն երկուշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, իսկ առավելագոյյն ծավալներն արձանագրվել են սեպտեմբերի 9-ին` 2.7 մլն.դոլար: Իսկ արտարժույթի միջբանկային շուկայում իրականացված գործարքների ծավալը մեկ շաբաթում կազմել է 4.2 մլն դոլար, 485.34 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Փոխարժեքն շաբաթվա ընթացքում նույնպես ցուցադրեց դեպի վեր բարձրացող տրենդ:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) սեպտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 54.4 մլն.ԱՄՆ դոլար, 484.30 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 63.1 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 24%), 486.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.9 մլն.եվրո, 539.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`43%) և վաճառվել է 12.3 մլն. եվրո (շաբաթվա աճը`9%), 544.22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 836.3 մլն. ռուբլի (շաբաթվա աճը` 6%), 7.07 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 256.2 մլն.ռուբլի (շաբաթվա անկումը` 79), 7.19 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը) Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 40.6 մլն ԱՄՆ դոլար: Դրան նախորդած շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը կրճատվել է 5.1%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 94.3%:
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արժույթի շուկայում դիտվեց փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ/դոլարի սահմանագիծը: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվեց 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ն արժեվորվեց 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսեց արժեզրկվել: Դեկտեմբերի 27-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմեց 470 դրամ/դոլար, եվրոն` 574 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.7 դրամ /ռուբլի: Բորսայում մեկ տարում իրականացվել է 744.5 մլն. դոլարի արտարժութային գործարք, ընդ որում, ամսական ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայում արտարժույթի փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից ցատկեց մինչև 560 դրամ/դոլար, դեկտեմբերի 27-ին իջնելով մինչև 470 դրամ/դոլար: 2014 թվականին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ընդհանուր հաշվով արժեզրկվեց 40%, հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ առավելագույն և հուլիսի` 406 դրամ նվազագույն սահմանաչափերը: 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ 477 դրամից իջավ մինչև 473 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ` 571.5 դրամից մինչև 528 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8.2 դրամից աճեց մինչև 8.6 դրամ/ռուբլի: Սակայն, հուլիսից դրամն սկսեց արժեզրկվել, հուլիսի 31-ին ԱՄՆ դոլարի նկատմամբ արձանագրելով 478.3 դրամ/դոլար միջին փոխարժեք, միաժամանակ եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ արժեվորվելով համապատասխանաբար` 524 դրամ/եվրո և 8.0 դրամ/ռուբլի մակարդակներոմ: Օգոստոսին, չնայած օգոստոսի 28-ին ԿԲ կատարած միջամտությանը, դրամի արժեզրկման տրենդը շարունակվեց, օգոստոսի 31-ին դոլարի նկատմամբ կազմելով 484 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 544.3 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.4 դրամ/ռուբլի փոխարժեք: Սեպտեմբերին դրամի վեր ընթացող տրենդը շարունակվեց, օգոստոսի 11-ին դոլարի նկատմամբ կազմելով 485.5 դրամ/դոլար, եվրոյի նկատամբ` 548 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.3 դրամ/ռուբլի միջին փոխարժեք: