Արմինֆո. 2015 թ-ի սեպտեմբերի 22-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.25%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է սեպտեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի նիստում:
Աղբյուրի համաձայն, 2015 թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել, ընդ որում՝ սպասվածից դանդաղ տեմպերով, և ամսվա վերջին կազմել 3.6%:
Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել է գնանկումային միջավայրը, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Այդուհանդերձ, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քաղաքականության տոկոսադրույքի ակնկալվող բարձրացման պայմաններում զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի սպասումների ներքո համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաներում դիտվել է տատանողականության էական աճ, որը ստեղծում է գնաճային ռիսկեր:
Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ևս պահպանվել են տնտեսական ակտիվության՝ սպասվածից բարձր աճի տեմպերը, որը հիմնականում պայմանավորվել է առաջարկի գործոններով: Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստել է ներքին պահանջարկի որոշ չափով վերականգնմանը՝ մասամբ չեզոքացնելով գնանկումային միջավայրը: Համախառն առաջարկի և պահանջարկի վերոնշյալ զարգացումները հանգեցրել են զուտ արտահանման տեմպերի արագացմանը՝ զգալիորեն բարելավելով ՀՀ արտաքին հաշվեկշիռը: ԿԲ խորհուրդը կարծում է, որ տնտեսական հիմնարարների նման զարգացումները էականորեն ավելացրել են արտաքին ցնցումների նկատմամբ երկրի դիմադրողականությունը: Համաշխարհային ֆինանսական և արժութային շուկաների տատանողականության աճը առաջացրել է համեմատաբար բարձր գնաճային սպասումներ, ինչը թույլ չի տվել ձևավորել ավելի ցածր գնաճային միջավայր: Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային ներկայիս պայմանները, ինչի ներքո մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կնվազի և կտատանվի թույլատրելի միջակայքի ներքևի հատվածում: Դրամավարկային նման քաղաքականությունը հնարավորություն կտա առաջիկայում նվազեցնել ու խարսխել գնաճային սպասումները և ապահովել գնաճի նպատակը միջնաժամկետ հատվածում:
Նշվում է, որ ՀՀ ԿԲ խորհուրդը ներքին տնտեսությունում գնաճային սպասումների և արտաքին ֆինանսական շուկաների զարգացումներին համահունչ, անհրաժեշտության դեպքում, կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության նպատակի իրագործման համար:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը օգոստոսի 11-ի նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել էր 0.25 տոկոսային կետով` 10.5%-ից մինչև 10.25%: Լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 14.5%-ից նվազեցվեց մինչև 11.75%, իսկ ներգրավվող միջոցների ավանդների` 9%-ից մինչև 8.75%: ՀՀ ԿԲ Խորհրդի դրան նախորդող նիստում, հուլիսի 24-ին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվեց 10.5% մակարդակում: Իսկ ավել վաղ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 10.5% բարձրացրել էր 2015 թվականի փետրվարի 10-ին (նախկին 9.5%-ից), միաժամանակ ռեպո-դրույքներն իջեցնելով` 17%-ից մինչև 14.5%, իսկ ներգրաված ավանդների տոկոսադրույքը` 5.25%-ից բարձրացնելով մինչև 9%: Դրանից հետո, մարտի 24-ի նիստում ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել էր 10.5% մակարդակում, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպոների դրույքները` 13.5% -ից մինչև 12%: Մինչ այդ, մարտի 12-ին, լոմբարդային ռեպոների դրույքները նվազել էին`14.5% -ից մինչև 13.5%: Դրան նախորդող փոփոխությունները հետևյալն էին` հունվարի 22-ին - վերաֆինանսավորման տոկոսադրույքը`8.5% -ից բարձրացվեց մինչև 9.5%, իսկ մինչ այդ, 2014-ի դեկտեմբերի 23-ին` 6.75%-ից մինչև 8.5%: Բացի այդ, 2014-ի դեկտեմբերի 3-ին լոմբարդային ռեպոները 10.5%-ից բարձրացան մինչև 21%, դեկտեմբերի 23-ին իջան մինչև 20%, իսկ 2015-ի հունվարի 22-ին` մինչև 17%: