Արմինֆո. Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ ներկայացնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման ծրագիրը: CR2-ի կողմից պայմանագիրը ստորագրեց CR2 Գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, իսկ հայկական կողմից` Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Այդ կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում նշվել է, որ BankWorld նոր համակարգը CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում:
Ա.Հանեսյանը պարզաբանել է, որ BankWorld համակարգը կներդրվի փուլերով և շուկային հասանելի կլինի մեկ տարուց: Այդ համակարգի միջոցով հաճախորդներ կարող են կառավարել իրենց հաշիվները, կատարել մի շարք գործարքներ, որոնք նախկինում մատչելի էին միայն ինտերնետ-բանկինգին, ստանալ անհատական առաջարկներ, իրականացնել դրամական փոխանցումներ: BankWorld համակարգի ներդրումով կկատարելագործվեն ինտերնետ և մոբայլ բանկինգի հնարավորությունները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ կորպորատիվ հաճախորդների համար, կներկայացվի նաև նոր ինտերֆեյսը:
Ա.Հանեսյանը բարձր է գնահատել գործընկերությունը CR2 ընկերության հետ, ընդգծելով, որ այս նոր նախաձեռնությունն ուղղված է բանկի ռազմավարական նպատակներից մեկր իրականացմանը: «Ես ողջունում եմ CR2-ի մուտքը Հայաստան: Ամերիաբանկը բարձր է գնահատում CR2-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների հաստատումը: Այս նախաձեռնությունն ուղղված է Ամերիաբանկի ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման և նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռահար բանկային ծառայություններից և ինքնասպասարկման սարքերից օգտվելու համար և կնպաստի հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում», - նշել է Ա. Հանեսյանը:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամերիաբանկի միակ սեփականատերն է Ameria Group CY ՍՊԸ-ն:
CR2-ն հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող ընկերություն է: CR2-ի բազմաֆունկցիոնալ BankWorld համակարգն առաջարկում է հեռահար սպասարկման բոլոր եղանակները (բանկոմատներ, վճարային տերմինալներ, ինտերնետ և մոբայլ բանկային համակարգեր, ինքնասպասարկման տերմինալներ) միավորող մեկ միասնական հարթակ՝ այսպիսով ապահովելով հաճախորդների բոլոր հաշիվների կառավարումը և հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ստացումը միասնական անհատականացված սպասարկման կետից: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայում, իսկ ներկայացուցչություններն և գրասենյակները՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և Ասիայում: Ընկերությունն ունի 100-ից ավել հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: