Արմինֆո. Բանկերի խոշորացումը 2 մլրդ.դրամի (ընթացիկ փոխարժեքով` 4 մլն.դոլար) լրացուցիչ վարկավորում կստեղծի առաջիկա մի քանի տարիների համար: Այս մասին հոկտեմբերի 7-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, հավելելով, որ դա համահունչ է կառավարության քաղաքականությանը, որով նախատեսվում է ֆինանսական միջնորդության դերի բարձրացումը տնտեսությունում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի բանկային համակարգում գործող բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից, 2014 թվականի դեկտեմբերի 30-ին, փոփոխություն կատարելով «Բանկերի գործունեության կարգավորման և բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների մասին» Կանոնակարգ 2-ում: Ընդ որում, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ավելացման պահանջը նպատակաուղղված էր բանկերի միաձուլումների և միացումների իրականացմանը, ինչը կհանգեցնի բանկերի խոշորացման և կապահովի մասշտաբի դրական էֆեկտ` նպաստելով բանկային համակարգի կողմից ավելի որակյալ ու մատչելի բանկային ծառայությունների մատուցմանը և առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը: Այն կհանգեցնի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը և կայունության ամրապնդմանը: Բարենպաստ միջավայր կստեղծի նոր տեխնոլոգիաների և պրոդուկտների ներդրման համար՝ բարձրացնելով ՀՀ բանկային համակարգի գրավչությունը կապիտալի միջազգային շուկաների մասնակիցների շրջանում՝ հիմք ստեղծելով հարաբերությունների հետագա խորացման համար: Միջոցառումը կբարձրացնի բանկային համակարգի` տնտեսական տարբեր իրավիճակներում շոկերին դիմակայելու ունակությունը և ճկունությունը, ինչպես նաև կնպաստի ֆինանսական միջնորդության խորացմանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալոյան` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, այդ շեմի հաղթահարոմով այայժմ կարող են պարծենալ միայն 5 բանկեր (21-ից): 2014 թվականի վերջի տվյալներով դրանք են` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Ամերիաբանկը, որոնց ընդհանուր կապիտալը տատանվում է 42-50 մլրդ դրամի սահմաններում: Մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն այդ բանկերը համալրեցին իրենց կապիտալը, հասցնելով 45-55 մլրդ դրամի: Իսկ միաձուլումների և կլանումների մասին դեռ ոչ մի բանկ չի հայտարարել, բայց դրա փոխարեն շատ ավելի է ակտիվացել կապիտալների համալրման գործընթացը, ինչը դիտվում է եռամսյակային կտրվածքով: Բայց, այնուամենայնիվ, մնացած մեկ տարվա ընթացքում որոշ բանկեր, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա հաղթահարել այդ խնդիրը, ինչը նշանակում է, որ հենց դրանք էլ կբախվեն միավորման և կլանման պրոբլեմին: Բացի այդ, իրավիճակը բարդանում է նաև շահութաբերության անկման հետևանքով, դուրս գրված անհուսալի վարկերի հետևանքով, ինչը բանկերին թույլ չի տալիս կապիտալացվել բնականոն ճանապարհով: