Արմինֆո. Հայաստանում աստիճանաբար սկսում են տեսանելի դառնալ կյանքի ապահովագրության ներդրման նախադրյալները: ԱրմԻնֆո գործակալոթւյան թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագիտությնա դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:
Պրոֆեսորը նշել է, որ կյանքի ապահովագրության ինստիտուտի ներդրումը պահանջում է հայկական ընկերոթյունների կապիտալիզացիայի ավելի բարձր մակարդակ, ինչն էլ, իր հերթին, ենթադրում է բիզնեսի ավելի բարձր եկամտաբերություն, ինչպես նաև բաժնետերերի ու ներդրողների հետաքրքրությունն իրենց միջոցներն ավելի բարձր կապիտալներում ներդնելու հարցում: «Դրա համար ժամանակ է պետք, քանի որ շուկայի ծավալը դեռ շատ փոքր է, իսկ ակնկալվող եկամուտներն ու շահույթները բավարար չեն կապիտալի բարձր ցուցանիշներ ապահովելու համար»,-նշել է Է.Սանդոյանը:
Նրա կարծիքով, Հայաստանում արդեն եկել է ժամաակը, երբ կարելի է մտածել ապահովագրության պարտադիր տեսակներն ավելացնելու, օրինակ, պարտադիր բժշկական ապահովագրությունը (ՊԲԱ) ներդնելու մասին: «Մեգառեգուլյատորը գտնում է, որ ՊԲԱ-ի ներդրման համար անհրաժեշտ է 3-5 տարի, բայց որքան շուտ երկրում ձևավորվեն պարտադիր ապահովագրության ինստիտուտները, այնքան շատ կշահի շուկան»,-ասել է նա:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերություններն աշխատում են ոչ կյանքի ապահովագրության հատվածում: Համաձայն գործող ապահովագրական օրենքի, նույն ընկերությունն իրավունք չունի միաժամանակ իրականացնել ոչ կյանքի և կյանքի ապահովագրություն: Ներկայումս գործող ապահովագրական դասերից կյանքի ապահովագրությանն ամենամոտն են գտնվում դժբախտ պատահարներից ապահովագրությունը և առողջության ապահովագրությունը: Պարտադիր ապահովագրության տեսակներից հայկական շուկայում ներկայումս գործում է միայն ԱՊՊԱ-ն: Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 6 ընկերություն` «Ռոսգոսստրախ Արմենիա», «ԻՆԳՈ Արմենիա», «ՌԵՍՈ», «Նաիրի Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս», «Սիլ Ինշուրանս» ընկերությունները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալույան` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրողներն առողջության ապահովագրության գծով հավաքագրել են 2.7 մլրդ դրամի պրեմիաներ, որը կազմում է ընդհանուր պրեմիաների 16,7%-ը, տարեկան աճը` 41,7%: Դժբախտ պատահարների ապահովագրության գծով պրեմիաները կազմել են 271,4 մլն դրամ կամ ընդհանուր պրեմիաների 1.7% - ը, տարեկան անկումը` 1,3%: Առողջության ապահովագրության գծով հատուցումների ծավալն առաջին կիսամյակում կազմել է 1.5 մլրդ. դրամ (ընդհանուր հատուցումների 23.6%-ը), տարեկան անկումը` 43.2%: Դժբախտ պատահարների ապահովագրության գծով հատուցումները կազմել են 47.1 մլն.դրամ (ընդհանուր հատուցումների 0.7%-ը), տարեկան աճը`15.5%: 2015 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր շահույթը կազմել է 1.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 12.5%: