Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին Երևանում աշխատանքն է սկսել Հայաստան-Եվրամիություն առևտրի, տնտեսական և իրավական հարցերի ենթակոմիտեի 14-րդ նիստը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ պատվիրակությունը` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պիեռ Դևինիեն:
Լրագրողների հետ զրույցում Գարեգին Մելքոնյանն ընդգծել է, որ բանակցությունների ձևաչափը որոշվել է Հայաստանի և ԵՄ միջև գործընկերության և համագործակցության շուրջ պայմանագրի հիման վրա, որն ուժի մեջ մտել 1999 թվականի հուլիսի 1-ին: Տարին մեկ անգամ ենթակոմիտեի անդամները հավաքվում են` քննարկելու Հայաստանում և ԵՄ-ում առկա մակրոտնտեսական իրավիճակը, համագործակցությունը միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ, առևտրի ոլորտում առկա իրավիճակը, երկրում իրականացվող ԵՄ ծրագրերը: Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ստանդնարտներին, տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական նորմերին, մտավոր սեփականաության պաշտպանությանը, պետգնումներին, ներդրումային դաշտի բարելավմանը, հաշվապահական հաշվառնմանն ու աուդիտին, կապիտալի տեղաշարժին, ինչպես նաև վիճակագրության, հարկային և մաքսային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ հիմնական պայմանագրին զուգընթաց Հայաստանի և ԵՄ փոխհարաբերությունները կարգավորվում են նաև ՀՀ-ԵՄ եվրոպական հարևանության քաղաքկանության գործողություննեիր ծրագրով, որը պաշտոնապես հաստատվել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին Բրյուսելում:
ԵՄ հետ ճյուղային համագործակցության ընդլայնման նպատակով 2012 թվականի դեկտեմբերին ստորագրվել է ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի մարտի 1-ին: Արձանագրությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մասնակցելու կրթության, մշակույթի , առողջապահության և այլ ոլորտների ԵՄ ծրագրերին:
2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի պարզեցման շուրջ համաձայնագիր, իսկ 2013 թվականի ապրիլի 19-ին` ռեադմիսիայի շուրջ համաձայնագիր:
Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ենթադրվում էր, որ Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան սստորագրելու են ԵՄ հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնգրեր, ինչը հարուցել էր Մոսկվայի հակազդեցությունը: Իրադարձությունների զարգացման ընթացքում Հայաստանը հրաժարվեց ասոցացումից և 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին: