Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից «Ոռոգման համակարգերի արդիականացումե ծրագրի իրականացման համար Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով ներդրումային վարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոռոգման համակարգերի արդիականացումը և ջրօգտագործողների միավորումների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է: Ծրագրով նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ՋՕՄ տեխնիկական հագեցվածությունը և այլն:
Ծրագիրը բաղկացած է 4 հիմնական բաղադրիչներից, որոնք են` մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոսով, հիմնական և միջտնտեսային ջրանցքների վերականգնումը, ՋՕՄ ներտնտեսային ոռոգման համակարգերի արդիականացումը և ՋՕՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը: Գյուղատնտեսական նպատակների համար կայուն և որակյալ ջրամատակարարման ապահովումը, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը էապես կնպաստեն երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների աճին:
Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական զարգացման բանկի լիիրավ անդամ է դարձել 2009թ. ապրիլին: Բանկի կանոնադրական կապիտալում Հայաստանի մասնակցությունը կազմում է 100.000 ԱՄՆ դոլար: Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունում ԵԶԲ-ն առանձնացնում է ենթակառուցվածքային նախագծերը՝ տրանսպորտային կախվածության նվազեցման և էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով: Արտահանման ծավալների աճ կարող է ձեռք բերվել՝ հանքարդյունաբերության, մետալուրգիական ու վերամշակող արդյունաբերությունում և Հայասատանի համար գերակա հատվածներում նախագծերի ներդրումային ֆինանսավորման հաշվին՝ նախանշված ՙՀՀ արտահանման կողմնորոշում ունեցող արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունում՚: Պարենային անվտանգության ապահովման և արտաքին մրցունակության բարձրացման նպատակով Բանկն աջակցություն կցուցաբերի ագրոարդյունաբերական համալիրի նախագծերին, ինչը ենթադրում է արդիականացում և ժամանակակից տեխնոլոգիաների ներդնում, ինչպես նաև ԱԱՀ՜ արտահանման ներուժ ունեցող ուղղահայաց ինտեգրված ձեռնարկությունների ստեղծում: Բանկը կաջակցի նաև պարենամթերքի ներմուծման ապահովման նախագծերին՝ ամենից առաջ Բանկի մասնակից պետություններից, հանրապետության համար ընդունելի պայմաններով: Կշարունակվի բանկային հատվածի ֆինանսավորումը՝ Բանկի մասնակից պետությունների հետ արտահանման-ներմուծման գործառնությունների և փոքր ու միջին բիզնեսի աջակցությանն ուղղված նպատակային ծրագրերի շրջանակներում: