Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն, Երևանի փողոցների լուսավորության համակարգի արդիականացման նպատակով Հայաստանին համաֆինանսավորման պայմաններով կտրամադրվի 1.9 մլն.եվրո գումարի դրամաշնորհ:
Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ պաշտոնական կայքը, դրամաշնորհը տրամադրվում է E5P հիմնադրամի (էներգաարդյունավետույթուն և շրջակա միջավայրի պահպանություն Արևելյան գործընկերության երկրներում) պայմաններով: Իսկ Երևանի փողոցների լուսավորման համակարգի արդիականացման նպատակով 3.7 մլն.եվրո գումարով համաձայնագիրն ստորագրվել էր դեռ 2015 թվականի մայիսին:
Ներկայումս Երևանի փողոցների լուսավորման նպատակով կիրառվում են հին, սնդիկային տեխնոլոգիաների վրա հիմնված անարդյունավետ լամպեր, որոնք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրին: Գոյություն ունեցող համակարգի մաշվածության պատճառով Երևանի փողոցների մի մասը վատ է լուսավորվում: Նախագիծը կնպաստի նոր էներգաարդյունավետ լուսադիոդային լամպերի, ինչպես նաև կառավարման ու մոնիտորինգի նոր համակարգի ներդրմանը: Դա կբերի ծառայությունների մատուցման որակի և բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, կապված էներգիայի սպառման ծավալների կրճատման և գործառնական ու շահագործման ծախսերի նվազեցման հետ: Լուսադիոդային նոր լուսավորումն էներգիայի սպառման ծավալները կկրճատի 64%-ով: ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն իր շնորհակալությունն է հայտնել դոնորներին`Եվրոպական միությանը, Շվեդիային, ՀՀ կառավարությանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին` հաջող համագործակցության կապակցությամբ: Նրա խոսքով, սա Հայաստանում E5P-ի առաջին նախագծն է, որը սահմանում է այնպիսի ստանդարտներ, որոնց շրջանակներում Եվրոբանկը հույս ունի ապագայում նույնպես իրականացնել նախագծեր, մասնավորապես, կոշտ կենցաղային թափոնների կառավարման կամ էներգաարդյունավետության բարձրացման ոլորտներում:
Հիշեցնենք, որ E5P հիմնադրամը ՀՀ կառավարության հետ ստորագրված համաձայնագրի շրջանակներում նախատեսում է երկրին հատկացնել 20 մլն.եվրո ընդհանուր գումարի դրամաշնորհ, իսկ 1 մլն.եվրոն կհատկացնի ՀՀ կառավարությունը: Գումարները բացառապես կուղղվեն էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև բնապահպանական ներդրումներին: