Արմինֆո.«Նաիրիտի» աշխատակիցները կպայքարեն գործարանի վերագործարկման, ինչպես նաև իրենց աշխատավարձերի տուգանքների և տույժերի պահանջի իրավունքը «Նաիրիտ-2» ձեռնարկությանը զիջելու «ապօրինի» պայմանագրի չեղարկման համար: Նաիրիտցիները համապատասխան պահանջով նամակ կհղեն Հայաստանի նախագահին: Այդ մասին նրանք հայտարարել են հոկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսում:
Նրանց ասելով, Հայաստանի կառավարությունն օգոստոսին լիովին մարել է քիմիական հսկայի նախկին աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերը, սակայն վերջիններն ստիպված են եղել ստորագրել պայմանագիր իրենց աշխատավարձերի գծով տուգանքների և տույժերի պահանջի իրավունքը «Նաիրկտ-2» ձեռնարկությանը զիջելու մասին: Ինչպես նշել է ձեռնարկության նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը, պայմանագիրը նաև ավելացրել է գործարանի պարտքային բեռը, իսկ «Նաիրիտ-2»-ն աշխատակիցներին չվճարված տույժերն ու տուգանքները արդեն ձեռնարկության հնարավոր ներդրողից պահանջելու իրավունք է ստացել: Նրա ասելով, վաղվանից սկսվում է ստորագրահավք նախագահին ուղղված նամակի ներքո, որում խնդրելու են աջակցություն «ապօրինի» պայմանագրերի չեղարկմանը: «Դրանից հետո ձեռնարկության յուրաքանչյուր աշխատակից կարող է դատական կարգով պահանջել հիմնական աշխատավարձի չվճարման շրջանի համար տույժերի և տուգանքների վճարում», - նշել է նախկին մամուլի քարտուղարը:
Ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, ապա, գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի ասելով, ձեռնարկության մասնագետները ներկայացրել են երեք ծրագիր, որոնք նախատեսված են տարբեր հզորություններով աշխատանքի համար: «Այդ ծրագրերից ամենաթանկարժեքը ենթադրում է 97 մլն դոլարի, այլ ոչ թե 350-400 մլն դոլարի ներդրում, ինչպես նշված է Համաշխարհային բանկի աուդիտներում», - հայտարարել է Թադևոսյանը: «ՀԲ դոնոր երկրները, մասնավորապես, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան և Ճապոնիան ունեն կաուչուկի գործարաններ, և նրանց համար ձեռնտու չէ ունենալ մրցակից` ի դեմս «Նաիրիտի», - հայտարարել են գործարանի աշխատակիցները:
2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մաստը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական: