Արմինֆո. Թեհրանը և 6 երկրներ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել նոր միջանցիկ-տրանսպորտային միջանցք ստեղծելու հարցում, որն Իրանը կմիացնի Կենտրոնական Եվրոպային: Այս մասին, հղում կատարելով Իրանի Ճանապարհների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության միջանցիկ և սահմանային թերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի ղեկավար Մոհամադ Ջավադ Ատրչիանին, հաղորդում է իրանական Mehr News լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով, այդ ուղղությամբ Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի և Հունաստանի հետ, և նախնակական պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել, իսկ Իրանի և Հունաստանիւ միջև վերջերս այդ նպատակով ստորագրվեց համագործակցության համապատասխան փաստաթուղթը: Ըստ Ատրիչիանի, նախատեսվում է, որ բեռնատարները կարող են նշված երկրների տարածքով հասնել մինչև Սև ծովի նավահանգիստներ, որտեղից բեռնատար նավերով տեղափոխվել Բուլղարիա և Հունաստան: Նա հաղորդել է, որ նոր տրանսպորտային միջանցքը կընթանա Թուրքիայով Եվրոպա գնացող մայրուղուն զուգահեռ: Նա հույս է հայտնել, որ նշված երկրների տրանսպորտի նախարարները նախագծին հավանություն կտան դեռ այս տարի:
Նշենք, որ, ըստ ԱրմԻնֆո գործակալության տվյալների, Իրանը նախկինում բազմաթիվ անգամ հետաքրքրություն էր դրսևորել «Հյուսիս-Հարավե միջանցքի ստեղծման նախագծի հանդեպ, որն ունի 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող և ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ Մեկ մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավե ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: