Արմինֆո. ԵՄ-ն փոխհարաբերությունների նոր ձևաչափի շրջանակներում 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով: Այդ մասին նոյեմբերի 4-ին ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 16-րդ նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կողմերը մտադիր են ստորագրել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում ԵՄ և ՀՀ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, մասնավորապես՝ ՓՄԲ-ին աջակցության վերաբերյալ, և ՙՀորիզոն 2020՚ ԵՄ հետազոտության և նորարարության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր, ինչը գերատեսչության ղեկավարի խոսքով, լուրջ ռեսուրս է հանրապետութան գիտատեխնոլոգիական զարգացման համար:
ՙԱյսօրվա նիստը նշանակալի է այն բանով, որ հայկական կողմը, մասնավորապես՝ ՀՀ գերատեսչությունները, մտադիր են ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման վերաբերյալ իրենց առանձին առաջարկները ներկայացնել: Մենք մտադիր ենք օգտագործել ԵՄ կողմից մեզ ընձեռված բոլոր հնարավորությունները՝ համագործակցության նոր ուղղությունների իրականացման նպատակով՚,- նշել է Ճշմարիտյանը:
ԵՄ ներկայացուցիչ Գունար Վիգանդն իր հերթին ընդգծել է, որ երկկողմ համագործակցության շրջանակներում ԵՄ-ն մտադիր է աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը: ՙՄենք հարգում ենք ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը: Միաժամանակ կցանկանայի նշել է, որ Եվրամիությունը շարունակում է Հայաստանի լավագույն գործընկերներից մեկը հանդիսանալ առևտրում և տնտեսության այլ ոլորտներում: Հայաստանի հետ բանակցություններ անցկացնելու համար Եվրահանձնաժողովին նոր մանդատ տրամադրելուց հետո մենք մեր հարաբերություններ կզարգացնենք նոր ձևաչափի շրջանակներում՚,- հայտարարել է Գ. Վիգանդը:
Նիստում քննարկվել են նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագրծակցությանը, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովմանը, Ղարաբաղյան հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: