Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկի կողմից 300 մլն.դոլարի վարկի տրամադրումն առաջիկա 10 տարիներին պարտքային բեռ չի դառնա Հայաստանի համար, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշել է նաև, որ արտաքին պարտավորություններով պարտքային բեռի առկայությունը բնորոշ է անգամ զարգացած երկրների համար:
Նրա խոսքով, Հայստանի արտաքին պարտքի ծավալը հաշվարկվում է ֆինանսների նախարարության կողմից, ելնելով տնտեսության արդյունավետությունից, ինչպես նաև դրա սպասարկման հնարավորություններից, պարզաբանել է նախարարը: Նա նշել է, որ տվյալ պարագայում Եվրասիական բանկի վարկը, հաշվի առնելով տոկոսների մարման տասնամյա արտոնյալ ժամկետը, չի ազդի բյուջեի վրա և չի ստեղծի պարտի լրացուցիչ բեռ: «Իսկ մնացածը կախված է վարկային ռեսուրսներն արդյունավետ տնօրինելուց, հետևաբար, միայն մեզնից է կախված, թե ինչպես կարող ենք առանց պրոբլեմների սպասարկել արտաքին պարտքերը»,-հայտարարել է նախարարը: Այդ համատեքստում նախարարը գովել է իր աշխատանքը, հայտարարելով, որ Հայաստանի տնտեսական աճը լավագույններից մեկն է աշխարհում, ի պատասխան այն նկատողություններին, որ արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն աճում է, իսկ արդյունաբերոթյունը չի զարգանում: «Իհարկե, կուզենայինք չբախվել նման պրոբլեմների, բայց գոյություն ունեն նարտաքին մարտահրավերներ, որոնց չեզոքացնելու հանար բոլոր երկրները, այդ թվում նաև առաջատարները, մեծացնում են պարքի բեռը»: Նա նաև հանգստացրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, հավաստելով, որ Հայաստանը չի ընթանա Հունաստանի ուղիով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարություն իր հավանությունն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 300 մլն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Այն կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով: Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 2,1%, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է: Յուրաքանչյուր մասնաբաժնի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից բարեփոխումների ծրագրի իրականացումը: Ծրագրի գլխավոր ուղղություններն են՝ էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության և պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, բիզնեսի վարման պայմանների բարելավում: