Արմինֆո. «Երկարաձգվող ֆինանսավորում» եռամյա ծրագրի շրջանակում Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 11.74 մլն.SDR կամ 16.3 մլն.դոլար: Նշված գումարն ԱՄՀ Գործադիր Խորհուրդը հաստատել է նոյեմբերի 6-ին, նշված ծրագրի կատարման երկրորդ ամփոփիչ ստուգումները Հայաստանում ավարտելուց հետո: Ինչպես նշված է ԱՄՀ հաղորդագրության մեջ, արդյունքում, Հայաստանին տրամադրված SDR-ը կհասնի 35.22 միլիոնի կամ 483.9 մլն.դոլարի:
Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաև իշխանությունների՝ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) զուտ միջազգային պահուստների (ԶՄՊ), զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) և բյուջեի պակասուրդի 2015 թ. հունիսի վերջի կատարողական չափորոշիչների (ԿՉ) չկատարման, ինչպես նաև իշխանությունների կողմից բազմարժութային պրակտիկայի (ԲԱՊ) չսահմանման կամ փոփոխման վերաբերյալ ԿՉ ժամանակավոր չկատարման համար բացառություն անելու դիմումին: Միաժամանակ, իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության գործողություններն օգնել են կանխել հավանական անկանոն ճշգրտումն ու ապահովել կայունություն և տնտեսական աճ:
Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար պրն. Միցուհիո Ֆուրուսավան ասել է, որ ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել արտաքին պայմանները և ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Բայց իշխանությունների արձագանքն` իրականացվող քաղաքականության միջոցով, օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, բայց դժվարին հեռանկարը պահպանվում է: «Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների և քաղաքականության համար հնարավորությունների վերստեղծման և Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն իրականացնել համաձայնեցված միջոցառումները: «Դրամավարկային քաղաքականությունը պետք է ուշիուշով ճշգրտվի՝ գների կայունությունը պահպանելու համար»,-նշել է Մ.Ֆուրոսավան: Նա հավելել է, որ ակտիվությանն օժանդակելու նպատակով հարկաբյուջետային պայմանների թուլացման ժամանակահատվածից հետո պարտքի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի հարկաբյուջետային կոնսոլիդացում:
Նշենք, որ ԱՄՀ 82.21 մլն.SDR կամ 114.1 մլն.դոլար ընդհանուր գումարով «Երկարաձգվող ֆինանսավորում» ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտի 7-ին: