Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկը հստակեցրել է ֆինանսական կազմակերպությունների համար գույքի գնահատում իրականացնող ընդունելի գնահատողների ընտրության չափանիշները, որպեսզի է ֆինանսական կազմակերպությունները գնահատողներին ընտրեն միասնական սկզբունքներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, համապատասխան պարզաբանումն ընդուվել է ԿԲ խորհրդի նոյեմբերի 3-ի նիստում:
Ըստ ընդունված չափանիշների, այսուհետ ֆինանսական կազմակերպությունները պետք է համագործակցեն ոչ պակաս, քան 4 անկախ գնահատողի հետ, որոնք պետք է ընտրվեն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձանց անվանացանկից:
Գնահատողները չպետք է փոխկապակցված լինեն միմյանց հետ, ֆինանսական կազմակերպության հետ, ֆինանսական կազմակերպության ղեկավարների հետ: Ֆինանսական կազմակերպությունը պետք է բացահայտի փոխկապակցվածությունը և բացառի նման գնահատողների հետ համագործակցությունը:
Ֆինանսական կազմակերպությունը չպետք է հաճախորդին ուղղորդի կամ ծառայության մատուցումը պայմանավորի որևէ գնահատողի ծառայություններից օգտվելու հետ: Ֆինանսական կազմակերպությունը պետք է առնվազն տարին մեկ անգամ վերանայի իր հետ համագործակցող գնահատողների համապատասխանությունը վերոնշյալ չափանիշներին:
ԿԲ կողմից նման չափանիշների սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի՝ ֆինանսական կազմակերպությունները անշարժ գույքի գնահատողներին ընտրեն միատեսակ սկզբունքներով և չափանիշներով, ֆինանսական ծառայությունների սպառողները ծառայություններից օգտվելու համար ընտրության առավել լայն հնարավորություն ունենան, ֆինանսական ծառայություն մատուցելու նպատակով գույքի գնահատման գործընթացը լինի անկախ, օբյեկտիվ ու անաչառ, և բացառվի գնահատման գործընթացում ներգրավված կողմերի շահագրգռվածությունը:
Վերոնշյալ չափանիշները սահմանվել են Կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 3-ի նիստում ընդունված՝ «Ֆինանսական կազմակերպությունների համար գույքի գնահատում իրականացնող ընդունելի գնահատողների ընտրության մասինե պաշտոնական պարզաբանմամբ: