Արմինֆո. Ռոսնեֆտի կողմից 40 մլն դոլարով ձեռք բերված «Պետրոլ Մարկետ» ընկերությունը պատկանում էր 2014 թվականին սնանկացած օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Լիմիթիդ» ընկերությանը: Բաղդասարովը հայտնի է որպես արդեն գոյություն չունեցող հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության նախկին սեփականատեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից, «Պետրոլ Մարկետի» հիմնական ակտիվը ոչ թե ավտոլցակայանների ցանցն ու վառելիքաքսանյութային բազան էին, այլ` 2009 թվականին շահագործման հանձնված Սուրենավանրի բիտումի գործարանը` «ԱԲԻՏ»-ը, որի շինարարության համար Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» հոլդինգային ընկերությունը և կիպրոսյան մի օֆշորային ֆիրմա (որը, ամենայն հավանականությամբ, նույնպես վերահսկում էր Բաղդասարովը) ներդրել էին շուրջ 20 մլն դոլար:
Ըստ ԱրմԻնֆո-ի տվյալների, ավելի վաղ ընկերությունը ձևակերպվել էր որպես «Բիտում-Մարկետ» ՍՊԸ, սակայն 2015 թվականի ապրիլին այն դադարել է գոյություն ունենալ, և նրա իրավահաջորդ է դարձել «Միկա Լիմիթիդ» ընկերությունը, որը նույնպես գրանցված է ամերիկյան օֆշորային գոտում` Ջերսիում: Ընկերության 100% բաժանեմասի հաշվեկշռային արժեքը կազմել է 5,65 մլրդ դրամ (շուրջ 11,5 մլն դ ոլար): Որպես «Պետրոլ Մարկետի» պաշտոնական գնորդ հանդես է եկել Ռոսնեֆտի կառույցների կողմից գրանցված հայկական «ՌՆ Երևան» ՍՊԸ-ն:
Բիտումի գործարանի կառուցումը պայմանավորված էր պետության կողմից ասֆալտի ծածկույթի մշտական պահանջարկով, հատկապես` Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման «Հյուսիս-Հարավ» տարածաշրջանային ավտոմայրուղու շինարարության մեկնարկի առնչությամբ: Եթե մինչև գործարանի ստեղծումը Հայաստանը բիտում էր ստանում Իրանից, ապա նոր ձեռնարկության համար հումքի հիմնական մատակարար դարձավ Ռուսաստանը (հնարավոր է` «Ռոսնեֆտը»), որը բիտումի արտադրության համար առանց մաքսատուրքի Հայաստան է առաքում տարեկան 29,2 հազար տոննա նավթի գուդրոն` միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Գործարանն ի զորու է արտադրել տարեկան մինչև 43 հազար տոննա ճանապարհային բիտում:
ԱրմԻնֆո-ի փորձագետների կարծիքով, «ավտոլցակայանների ցանցի և նավթաբազային տնտեսության» ձեռք բերման վերաբերյալ Ռոսնեֆտի տեղեկատվությունը միայն մասամբ է արտացոլում առկա իրողությունները, եթե, իհրակե, «նավթաբազային տնտեսությունը» չհամարենք բնիտումի գործարան, որը զինված է ամեենաարդիական սարքավորմամբ, որի տեխնոլոգիական տեղադրման նախագիծն իրագործել է ռուսական «ԶՏՕ «Օնիկս» ՓԲԸ: Ինչպես հայտնի է, «Միկա Քորփորեյշնի» ակտիվների հիմնական մասը, «Արմավիայի» զգալի պարտքերի առնչությամբ, անցել է վարկատու բանկների տնօրինությանը, այդ թվում` Հրաիզդանի խոշոր ցեմենտի գործարանը: Այդ առնչությամբ Բաղդասարովի «հաշվեկշռին» մնացած ավտոլցակայանները չէին կարող գնահատվել Հայաստանի համար այդքան խոշոր գումար:
Դեկտեմբերի 23-ին «Ռոսնեֆտ ՆԿ» ԲԲԸ նախագահ Իգոր Սեչինի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի էր ունեցել հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ում ներկայությկամբ ստորագրվել էին մի շարք համաձայնագրեր հանրապետության հետ համագործակցության ընդլայնման շուրջ: Մասնավորապես, Իգոր Սեչինը և «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Ալավերդյանը ստորագրել էին պայմանագիր նավթամթերքի մատակարարման շուրջ` համատեղ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ ձեռնարկության շրջանակում, որը Ռոսնեֆտն ստեղծել էր հայկական գործընկերոջ` «Օյլ Տեխնոյի» հետ` 2013 թվականի դեկտեմբերի 10-ին: Ինչպես հայտարարվել էր պաշտոնապես, արժեքային շղթայի ողջ երկայնքով առավել խորը մասնակցության նպատակով ընկերությունները ձեռնամուխ են եղել նավթամթերքի մեծածախ և մանրածախ իրացման ոլորտի ակտիվները ձեռք բերելու հնարավորությունների ուսումնասիրմանը` ներառյալ նավթամթերքի պահպանման հզորությունները և ավիալցավորման բիզնեսը: