Արմինֆո. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և լրացումներն ապահովագրության պայմանագրով պարտադիր կերպով նախատեսում են սպառողի նկատմամբ ապահովագրողի վարքագծի կանոնները, նրան մատուցվող ծառայությունների չափանիշները, ինչպես նաև հաճախորդի կողմից ապահովագրության պայմանագրի լուծարման թույլատրելի ժամկետները: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ներկայացնելով մի շարք օրենքների փոփոխությունների և լրացումների փաթեթը:
Նա պարզաբանել է, որ եթե ապահովագրողը չի պահպանում պայմանագրով նախատեսված վարքագծի և մատուցվող ծառայությունների չափանիշների կանոնները, ապա հաճախորդն իրավունք ունի բողոքել, որի հիման վրա մեղավորները կպատժվեն:
Ինչ վերաբերվում է ապահովագրության պայմանագրի լուծարմանը և դրանից բխող վճարներին, Ն.Երիցյանը հիշեցրել է, որ ներկայումս գործող օրենքով, եթե հաճախորդն ապահովագրական ընկերության հետ կնքել է պայմանագիր և 1-2 օր անց փոշմանել և որոշել է այն լուծարել, ապա ապահովագրական ընկերությունը չօգտագործված օրերի համար պահանջում է վճարներ: «Իսկ այժմ, ըստ նորացված օրենսդրության, սահմանվում է 7 օր, որի ընթացքում հաճախորդը կարող է առանց որևէ վճարների լուծարել ապահովագրության պայմանագիրը»,-ընդգծել է նա:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ընկերություն` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ», «ԻՆԳՈ Արմենիա», ՌԵՍՈ, «Նաիրի Ինշուրանս», «ՍԻԼ Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս: Հայաստանի ապահովագրական ընկերություններն աշխատում են ապահովագրական 19 դասերից 17-ով, բացառությամբ երկաթուղայինտրանսպորտի ապահովագրությունից և դատական և արտադատական ծախսերի ապահովագրույթուննից: Ապահովագրական 16 դասի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը, որին հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 15 դասերի ապահովագրության լիցենզիա (միակ ընկերությունը, որն իրականացնում է վարկային ռիսկերի ապահովագրություն):
Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները մեկ տարում աճել են 3,5%, իսկ հատուցումները կրճատվել են 46.7%: 2015 թվականի հոկտեմբերի 1—ին ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 16 մլրդ դրամ, իսկ ապահովագրության հատուցումների ծավալը`9.6 մլրդ դրամ (թվերը ներկայացված են ապահովագրողների հաշվետվություններից): Արդյունքում, տարվա ինը ամիսներն ապահովագրական համակարգն ամփոփել է 2,4 միլիարդ դրամ զուտ շահույթի, տարեկան կտրվածքով աճը` 16,4%: Ապահովագրական պորտֆելի ծավալով շուկան առաջատարն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը: (ՀՀ դրամի փոխարժեքը 30.09.2015 թ. դրությամբ կազմել է 473.71 դրամ/դոլար):