Արմինֆո. Բանկերի միաձուլման դեպքում միավորվող բանկի ցպահանջ ավանդները գործողության ռեժիմը պահպանում է 1 տարվա ընթացքում, իսկ ժամկետային ավանդները պահպանում են պայմանագրային ժամկետը և պայմանները: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ Կնտրոնական բանկի փոխնախագահ Նրսես Երիցյանը, ներկայացնելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու » մասին ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների փաթեթը:
«Բանկի սնանկացման դեպքում ներկայիս գործող օրենքով ավանդատուն կարող է իր միջոցները ետ ստանալ 1 տարվա ընթացքում, իսկ այժմ նորացված օրենքն այդ միջոցների ստացումը նախատեսում է 7 օրում: Բացի այդ, եթե ներկայիս օրենքով ավանդատուն պետք է մեկ տարվա ընթացքում հասցներ ստանալ իր ավանդը որպես գործող ճանաչումը, ապա նորացված օրենքն այդ ժամկետը սահմանում է 3 տարի»,-պարզաբանել է նա:
Ն.Երիցյանն ընդգծել է, որ այս նորամուծություններն ուղղված են բանկերի նկատմամբ քաղաքացիների վստահության պահպանմանն ու բարձրացմանը: Պատգամավորները, ողջունելով ներկայացված նախաձեռնությունը, միաձայն համաձայնվեցին, որ ներկայացված փոփոխությունները ժամանակին են, բանկերի ակնկալվող միավորումների նախաշեմին, որպեսզի 2017 թվականից ապահովվի ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվի կատարումը:
Մեկ ամիս առաջ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ Հայաստանի բանկերում գտնվող ավանդների 97% -ը հանդիսանում է երաշխավորված: «Վերջին 7 տարիներին Հայաստանի բանկերում գտնվող ավանդների ընդհանուր գումարն աճել է 4.3 անգամ, մինչև 1,7 տրլն.դրամ, որից 1.1 տրլն.դրամը պատկանում է ֆիզիկական անձանց», - ասել էր նա, նշելով, որ վերջին 10 տարիներին, ավանդատուների թիվն աճել է 6 անգամ, մինչև 1,749 մլն.:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2015 թվականի հոկտեմբերի 26-ին «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու միջոցով ավելի քան 2 անգամ բարձրացրեց ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման գործող շեմը, մինչև 10 մլն.դրամ, իսկ դոլարային ավանդների համար` ,օմճև 5 մլն.դրամ:
Նշենք, որ 2017 թվականից ուժի մեջ է մտնում ՀՀ ԿԲ բանկի նոր նորմատիվը, որի համաձայն Բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ. դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն: Բանկերի կապիտալների միավորման վերջին նորությունները հետևյալն են. Հայէկոնոմբանկը միավորվեց ԲՏԱ Բանկի հետ, իսկ Ինեկոբանկը` ՊրոԿրեդիտ Բանկի հետ: Ընդ որում Ինեկոբանկն այդ միավորումով լուծեց նորմատիվային նոր պահանջը: Նոր բանկ գնելու սցենարներ են դիտարկում նաև Արարատբանկը և Անելիք Բանկը: Ընդ որում, Անելիք Բանկը դրանով չի սահմանափակվում և 2014-2015 թվականներին սեփականատիրոջ ուղղակի ներդրումների ճանապարհով որոշակիորեն համալրեց կապիտալը: Մնացած բանկերից ոչ մեկն առայժմ չի հայտարարել շուկայից դուրս գալու մասին: