Արմինֆո. Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի միջև քառակողմ հանդիման շրջանակներում կարևոր և իրագործելի նախագիծ է համարվել Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծումը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած հանդիպման արդյունքներին:
Նրա խոսքով, հանդիպման ոչ պակաս կարևոր արդյունքներից մեկն աշխատանքային խումբ ստեղծելու մտադրության ամրագրումն էր: Նա նաև ընդգծել է, որ տվյալ ուղղությամբ արդեն մի քանի ծրագրերի մեկնարկ է տրվել Վրաստանում և Հայաստանում, և նախատեսվում է առկա հնարավորությունների վերստուգում կատարել: ՙՊայմանավորվել ենք հաջորդ հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա ապրիլի կեսին, իսկ մինչ այդ կոորդինացիոն խումբը կփորձի գույքագրում կատարել և նախանշել հետագա անհրաժեշտ քայլերը՚,- հայտարարել է փոխնախարարը:
Մեկնաբանելով մոտ ապագայում Հայաստանի կողմից Իրանից գազ գնելու և ռուսական գազից հրաժարվելու հնարավորությունը՝ Գալստյանը հայտնել է, որ Հայաստանը ռուսական գազն իրանականով ամբողջովին փոխարինելու շուրջ բանակցություններ չի վարում: Նրա խոսքով, ինքը նման տեղեկատվության չի տիրապետում, այդ պատճառով զերծ կմնա մեկնաբանություններից:
Դեկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ համատեղ հանդիպում Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների և «Ռուսական ցանցեր՚ ԲԲԸ գլխավոր տնօրենի միջև՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության խնդիրներին։ Համագործակցության չորս երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների շրջանակներում ստորագրվեց «Փոխըմբռնման հուշագիր՚
Հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին էլեկտրաէներգետիկական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք թույլ կտան միավորել չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։
Այս նախաձեռնությամբ նոր որակ է ստանում Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցությունը։ Դրա համար բարենպաստ միջավայր է ստեղծում մի կողմից այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերն իրար հետ աշխատում են զուգահեռ սինխրոն ռեժիմներով, մյուս կողմից՝ իրականացման կամ նախապատրաստման փուլում են գտնվում մի շարք ներդրումային ծրագրեր՝ էներգետիկ համակարգի թողունակության և հզորությունների ավելացման նպատակով։ Մասնավորապես նախատեսվում է մինչև 2018թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎ էլեկտրահաղորդման գիծն ու հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանը։ Դրա արդյունքում կապահովվի Վրաստանի էներգետիկ համակարգի հետ զուգահեռ ասինխրոն ռեժիմում աշխատանքի հնարավորություն և էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը առաջին փուլում կկազմի 350 Մվտ, մինչև 2021 թ-ը հասնելով 700 Մվտ-ի:
2018թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երկշղթա գիծը։ Այն թույլ կտա Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերը հասցնել ընդհուպ մինչև 1200 Մվտ հզորության։
Այս միջոցառումների իրականացման նպատակն է իրագործել հյուսիս-հարավ էլեկտրաէներգտիկական միջանցքի ստեղծման նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ։