Արմինֆո. Անելիք Բանկը վերանայել է «Դրամային+» ավանդատեսակի պայմանները, 16.25%-ից բարձրացնելով մինչև 17.75%, հնարավորություն տալով այս ավանդատեսակով Բանկում գումար ներդնել ավելի շահավետ պայմաններով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, միևնույն ժամանակ բանկը հնարավորություն է ընձեռում ցանկացած պահի համալրել ավանդի գումարը։
«Անելիք Բանկը ոչ միայն մշտապես թարմացնում է իր կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների տեսականին, այլև զարգացնում է արդեն գործողները՝ դրանք առավել հարմարավետ դարձնելով հաճախորդների համար։ Ասեմ, որ «Դրամային+» ավանդատեսակի պայմաններում կատարված վերոնշյալ փոփոխություններից բացի, կախված ավանդի գումարի չափից, ավանդատուներին որպես նվեր կտրմադրվեն պլաստիկ քարտեր»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա նշել է նաև, որ Անելիք Բանկի «Դրամային+» ավանդատեսակի ավանդատուները, ցանկության դեպքում, յուրաքանչյուր ամսվա վերջում կարող են ստանալ իրենց տոկոսագումարները։
Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին հայկական բանկերից` ՊրոԿրեդիտ Բանկն առաջինը զգալիորեն բարձրացրեց ավանդների տոկոսադրույքները` մինչև 16-18%: Դրանից հետո, 2015 թվականի հունվարին, դրամով ավանդների տոկոսադրույքները բարձրացրեց Անելիք Բանկը, շուկա դուրս բերելով իր «դրամային +» ավանդատեսակը` 16-16,25% տարեկան տոկոսադրույքով, իսկ փետրվարին նրանք միացավ նաև Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը, իր «Կլասիկ-Պլյուս » ավանդատեսակով` 15-17%: Այս միտումը շարունակեցին մի շարք բանկեր: Արդյունքում, դրամային ավանդների տոկոսադրույքերը 2015 թվականին 11%-ից աճեցին մինչեւ 15-16%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ժամկետային ավանդների տարեկան աճով Անելիք Բանկը 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ դարձավ շուկայի առաջատարներից մեկը, ընդհուպ մոտենալով լավագույն տասնյակին: Նոր ավանդատեսակների շնորհիվ բանկին հաջողվեց տարեկան կտրվածքով 30% մեծացնել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը: 2015 թվականի 9 ամիսներին բանկն ապահովեց ժամկետային ավանդների 21.4% տարեկան աճ, ընդ որում, միայն ֆիզիկական անձանց ավանդների գծով` 35,1% աճ, հաստատվելով լավագույն տասնյակում:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.,-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89,95% -ից հասցրեց 100%-ի: