Արմինֆո. Հայաստանը կարող է որոշակի օգուտ քաղել տարածաշրջանային հակամարտություններից, մասնավորապես՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնություններից, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ըստ որում, նա գտնում է, որ տվյալ պահին Հայաստանի և Իրանի շահերը տարածաշրջանում համընկնում են, և ԻԻՀ նկատմամբ ցանկացած ֆիզիկական սպառնալիք անմիջականորեն կանդրադառնա ՀՀ անվտանգության համակարգի վրա, որը զսպում է ադրբեջանական ագրեսիան և լուրջ խոչընդոտ հանդիսանում տարածաշրջանային առաջնորդ դառնալու վերջինիս հավակնությունների համար: ՙԵթե Թեհրանն, այնուամենայնիվ, առաջատարությունն իր ձեռքը վերցնի, Երևանը կկարողանա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական օգուտներ քաղել՚,- գտնում է փորձագետը: Այս առումով նա անհրաժեշտ է համարում Երևանի գործողությունների ակտիվացումն ԻԻՀ հետ մի շարք տնտեսական նախագծերի իրականացման ուղղությամբ: ՙԹեհրանը Երևանի հետ համագործակցելու ցանկություն է դրսևորում, ինչի վկայությունը բարձրաստիճան անձանց այցերն են, բարեկամական հայտարարությունները և այլն, հետևաբար՝ Երևանը պետք է օգտվի իրավիճակից և հստակեցնի երկաթուղու ֆինանսավորման հարցը՚,- նշել է Ոսկանյանը:
ՙՄենք պետք է կարողանանք իրականացնել իրանական գազի՝ Հայաստանի տարածքով Վրաստան տարանցման նախագիծը: Բացի այդ, Հայաստանը կարող է միջանցք դառնալ, որը կկապի ռուսական էներգետիկ համակարգն իրանական էներգետիկ համակարգի հետ՚,- նշել է նա: Ըստ որում, փորձագետն անհրաժեշտ է համարում ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում, մասնավորապես՝ կարճ ժամկետներում ավարտել Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումը, ինչը կարող է այլընտրանք հանդիսանալ տարանցիկ ավտոփախադրումների համար, որոնք Իրանն իրականացնում է Թուրքիայով և Ադրբեջանով:
Ավելի վաղ National Iranian Gas Exports Co պետական կորպորացիայի տնօրեն Ալի–Ռեզա Քամելին հայտարարել էր, որ Իրանը բանակցություններ է վարում Հայաստանով Վրաստան գազի մատակարարումների շուրջ: Մատակարարումները կարող են կազմել օրական 300-500 մլն խորանարդ ֆուտ, հիմնական սպառողները Վրաստանի էլեկտրակայանները կհանդիսանան: Ըստ որում, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է փոխել «Գազպրոմի՚ հետ նախկին պայմանավորվածությունները և իր տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման համար ստանալ գումար, ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսը։