Արմինֆո. Իրանական գազի՝ Հայաստանով Վրաստան մատակարարումների շուրջ բանակցություններ չեն տարվում: Այդ մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նրա խոսքով, այդ թեման քննարկումների առարկա չի դարձել նաև Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների՝ վերջերս Երևանում կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում: Զախարյանը նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Վրաստանի և ռուսական Գազպրոմի միջև, սակայն այդ բանակցությունների մանրամասների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Անդրադառնալով իր տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց գումար ստանալու Թբիլիսիի ցանկությանը՝ նա նշել է, որ նման որոշումը որևէ խնդիր չի ստեղծի Հայաստանի համար: Նախարարը հիշեցրել է, որ մինչև 2018 թ. կկառուցվի Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկը, որի շնորհիվ իրանական գազի լրացուցիչ մատակարարումներ կիրականացվեն Հայաստան՝ Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի փոխարեն:
Ավելի վաղ National Iranian Gas Exports Co պետական կորպորացիայի տնօրեն Ալի–Ռեզա Քամելին հայտարարել էր, որ Իրանը բանակցություններ է վարում Հայաստանով Վրաստան գազի մատակարարումների շուրջ: Մատակարարումները կարող են կազմել օրական 300-500 մլն խորանարդ ֆուտ, հիմնական սպառողները Վրաստանի էլեկտրակայանները կհանդիսանան: Ըստ որում, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է փոխել «Գազպրոմի՚ հետ նախկին պայմանավորվածությունները և իր տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման համար ստանալ գումար, ոչ թե տարանցվող գազի 10 տոկոսը։
Նշենք, որ ներկայումս Հայաստանն Իրանից գազ է ստանում 2007 թ. բացված գազատարով: Ստացված գազի դիմաց Հայաստանն Իրանին է տրամադրում էլեկտրաէներգիա՝ 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա հաշվարկով: Իրանը 20 տարվա ընթացքում պետք է ՀՀ առաքի 36 միլիարդ խմ գազ՝ պայմանագիրը հինգ տարով երկարաձգելու և մատակարարումների ընդհանուր ծավալը մինչև 47 միլիարդ խմ հասցնելու հնավորությամբ: