Արմինֆո. Համաշխարհային բանկը 2016 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի 0.7% անկման կանխատեսման կապակցությամբ առայժմ մտադիր չէ փոխել Հայաստանի ՀՆԱ-ի իր կանխատեսումը, որը կազմում է 2.2%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը թղթակցի հետ զրույցում հայտարարել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:
«ՀԲ ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը Ռուսաստանում և մշտական կապի մեջ է տնտեսագետների հետ, որոնք համապատասխան կանխատեսումներ են կատարում, և հնարավոր է, իրավիճակի փոփոխման դեպքում, մենք նույնպես վերանայենք Հայաստանի գծով մեր կանխատեսումները: Բայց, ինչպես ցույց տվեց 2015 թվականը, լիովին հնարավոր է, որ նույնիսկ Ռուաստանի տնտեսական դժվարությունների պայմաններում Հայաստանում տնտեսական աշխուժացումը լինի հնարավոր»,-նշել է նա, նկատելով, օրինակ, որ 2015 թվականին Հայաստանի գյուղատնտեսոթյան ոլորտի աճը կարողացավ չեզոքացնել մյուս ոլորտների ցուցանիշների վատթարացումը: Միևնույն ժամանակ, Լ.Բեյլին նշել է, որ ՌԴ ճգնաժամի վրա հավանաբար կազդի նավթի էժանացումը:
«Այժմ մենք տարբեր ծրագրերով օժանդակում ենք ՀՀ կառավարությանը, որպեսզի տարածաշրջանն ունենա արտադրության բարձր ցուցանիշներ, անկախ ՌԴ իրավիճակից»,-մեկնաբանել է Հայաստանում ՀԲ ղեկավարը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի հունվարի կանխատեսումով Հայաստանում տնտեսական աճը 2016-ին սպասվում է 2.2%: Ընդ որում, 2015 թվականի համեմատ ՀԲ կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճը աննշան դանդաղում (2.5%): Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ փոխել էր Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` լճացումից մինչև 2.5% աճ, 2016-ին դանդաղելով մինչև 2.2%: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) իր կանխատեսումը մինուս 1,5%-ից բարձրացրել էր մինչև դրական`2.3%, իսկ 2016-ին` 2%: ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով Հայաստանի 2015 թ., տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի արագացում` 3.2-3.9%, որը 2016-ին կդանդաղի մինչև 1.6-2.7%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականի հունվար-նոյեմբերին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում նվազել է` 3,8% -ից մինչև 2,9%, ինչը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի և շինարարության ոլորտների ծավալների անկումով, ինչպես նաև ծառայությունների ոլորտի աճի տեմպերի դանդաղումով, չնայած, որ գյուղատնտեսության ոլորտում աճը կազմել էր 11.6%, իսկ արդյունաբերությունում` 4,6%: