Արմինֆո. «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ժամացույցների հանրահայտ ընկերության հիմնադիր-սեփականատեր և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սեփականատեր, շվեյցարահայ հայտնի բարերար Վարդան Սիրմակեսը «Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում 1 մլն.դոլար է տրամադրել Գյումրիի տեքստիլ ֆաբրիկայի գործունեության ընդլայնմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ֆինանսավորման առաջին մասն արդեն կատարվել է 2016 թվականի հունվարին:
Աղբյուրի համաձայն, միջոցները Գյումրիի տեքստիլ ֆաբրիյկային են տրամադրվել 7 տարի մարման ժամկետով և 5% արտոնյալ տոկոսադրույքով: Նախագիծը, ֆաբրիկայի գործունեության ընդլայնումից բացի, պարունակում է ևս մեկ կարևոր պայման` 150 աշխատատեղի ստեղծում, որից 50-ը 2016 թվականի առաջին եռամսյակի ընթացքում, իսկ 100-ը` մինչև տարվա վերջ:
«Շիրակի մարզի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի» շրջանակներում վարկերը տրամադրվում են գործող և ընդլայնման միտում ունեցող ընկերություններին: Հարկ է նշել նաև, որ ևս մի քանի ծրագրեր դեռևս գտնվում են քննարկման փուլում:
Նշենք, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ից բացի Վարդան Սիրմակեսը հանդիսանում է նաև Արցախբանկի մեծամասնական բաժնետերը` 25.6% մասնակցությամբ կապիտալին: Նա մոտ 150 մլն.դոլար է ներդնում նաև «Հին Երևան» ներդրումային շինարարական ծրագրի իրականացմանը:
Վարդան Սիրմակեսը հանդիսանում է «Ֆրանկ Մյուլեր Ուոչլենդ» ժամացույցների հանրահայտ ընկերության գլխավոր տնօրենը: Վ.Սիրմակեսն իր տիրապետության ներքո ունի 7 ապրանքանիշ և ղեկավարում է Շվեյցարիայի 14 արտադրական ձեռնարկություններ: Խոշորագույն ձեռնարկությունը գտնվում են Ժնևում, որտեղ աշխատում է 800 մարդ: Վ.Սիրմակեսը Շվեյցարիայի հայկական սփյուռքի գլխավոր ֆինանսական դոնորն է և հսկայական ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսությունում: