Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն շեմի նորմատիվային պահանջների բարձրացումը (2017 թվականին այն պետք է կազմի 30 մլրդ.դրամ, ներկայիս 5 մլրդ.դրամի փոխարեն) իր մեջ վտանգ է պարունակում: Փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլսում նման կարծիք է արտահայտել կառավարման ոլորտի մասնագետ Հարություն Մեսրոբյանը:
ԿԲ որոշումը նա, հիմնականում, գնահատում է դրական, քանի որ այն երկրի բանկային հատվածում կբերի քանակական և որակական փոփոխությունների, առավելագույնս պաշտպանելով զարգացող ճգնաժամից, բայց վտանգը կայանում է նրանում, որ այդ փոփոխությունը համընկավ երկրի ֆինանսական վիճակի վատթարացմանը, որը տեղի ունեցավ գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի և գնային կտրուկ տատանումների պամաներում: Բացի այդ, Հայաստանի բանկային համակարգը 2008 թվականից արդեն հավաքել է չաշխատող ակտիվների բավականաչափ պաշար, որոնց վերադարձը բավական դժվար է:
«Դրան էլ գումարած այն, որ 2016 թվականին սպասվում է բյուջեի եկամուտների կրճատում, ինչպես նաև նվազում են տրանսֆերտները ՌԴ-ից, այսինքն, կրճատվում է դեպի Հայաստան արտարժույթի ներհոսքը: Երկրի վճարային բալանսը բացասական է, իսկ բացասական վճարային բալանսի սպասարկման համար մշտապես անհրաժեշտ է արտարժույթ: Բնական է, նման շքեղություն թույլ տալու համար, ինչպես առևտրի բալանսի բացասական սալդոն է, Հայաստանը պետք է արտաքին աղբյուրներից ներգրավի նոր վարկեր և փոխառություններ, այսինքն, պետք է մեծացնի արտաքին պարտքը, ինչն էլ այսօր տեսնում ենք»,-նշել է Հ. Մեսրոբյանը:
Նրա խոսքով, մի կողմից, ԿԲ կողմից բանկերի նկատմամբ նորմատիվային պահանջների խստացումը, իսկ մյուս կողմից`դրամական հոսքերի կրճատումը, արտարժութային ակնկալիքների հետ միասին բանկային համակարգի համար կստեղծեն լրացուցիչ ցնցումներ: «Բանկերն արդեն դժվարությամբ են տրամադրում դրամային վարկեր, մինչդեռ վարկառուները գերադասում են դրամային վարկերը: Իսկ դա բանկային շուկայի պահանջարկի և առաջարկի միջև առաջացնում է արտարժութային զգալի «դիսբալանս»,-պարզաբանել է նա:
«Ստեղծվում է պայթյունավտանգ մի իրավիճակ: Մի կողմից գլովալ «ընդհատակյա» գնային պայքարը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա, մյուս կողմից, ներքին տնտեսական համակարգային պրոբլեմները, մասնավորապես, արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը, բյուջեի դեֆիցիտը, ՀՆԱ կառուցվածքն ու դրա աստիճանաբար նվազումը, ինչպես նաև բանկային նորմատիվային կապիտալի ավելացումը, որի կատարմանն արդեն քիչ ժամանակ է մնացել, 2016 թվականին Հայաստանը կմղեն մուլտիպլիկատիվ մարտահրավերների հետ բախումների»,-գտնում է փորձագետը:
Ըստ Հ.Մեսրոբյանի, նշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է անցնել մոբիլիզացված տնտեսության: «Բայց Հայաստանի համար այն անիրականալի երազ է, քանի որ այդ մոդելի կատաղի հակառակորդն է օլիգարխիան – Հայաստանի թիվ մեկ պրոբլեմը: Փաստորեն, երկիրը հայտնվել է ծուղակում – մի կողմից օլիգարխ վերնախավն ամեն ինչ կանի, որպեսզի տնտեսության մոբիլիզացիան տեղի չունենա, իսկ մյուս կողմից, եթե տեղի չունենա մոբիլիզացիան, ապա տնտեսական համակարգի պայթյունը դառնում է ընդամենը ժամանակի հարց, մնում է միայն գուշակել, թե երբ տեղի կունենա աղետը»,-եզրափակել է Հ.Մեսրոբյանը: