Արմինֆո. Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը Զանգեզուրով իրատեսական չէ թե տեխնիկապես, և թե ֆինանսապես: Փետրվարի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա համոզված է, որ առաջիկա տարիներին կավարտվեն ավելի շահավետ երկաթուղիների շինարարությունները, իսկ այդ երկաթուղու շինարարության համար, անգամ ֆինանսների առկայության պայմաններում, կպահանջվի առնվազն 7 տարի:
«Մեկ տարուց կավարտվի Կազվին-Ռեշտ-Աստարա-Բաքու երկաթուղու շինարարությունը, մինչև 20 մլն.տոննա բեռնաթողությամբ, բայց եթե այդ նախագիծն անգամ ուներ շահագրգիռ կողմեր, ապա հիմա կորցրել է իր արդիականությունը, քանի որ ավելի քան 20 մլն.տոննա բեռների տեղափոխություն, Իրանից և դեպի Իրան, չի նախատեսվում»,-նշել է փորձագետը: Այդ համատեքստում նա հայկական կողմից խորհուրդ է տալիս մտածել Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղու գործարկման մասին:
Պապյանը հիշեցրել է, որ Նախիջևանը թե Կարսի, և թե Մոսկվայի պայմանագրերով երբեք չի հանդիսացել Ադրբեջանի մաս, այլ ընդամենը փոխանցվել է Ադրբեջանի հովանավորությանը, որն իրավունք չուներ այն ընդգրկել իր կազմում: «Այդ երկաթուղին Հայաստանին թույլ կտա իրապես զարգացնել հարաբերություններն Իրանի հետ, հակառակ պարագայում, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը ոչինչ չի փոխի Հայաստանի համար, առևտուրը կշարունակվի նույն մակարդակով, ինչպես տեղի էր ունենում մինչ օրս: Հայաստանն իրանական գազից օգտվելու հնարավորություն նույնպես չի ունենա, քանի որ ողջ ենթակառուցվածքը տրվել է Գազպրոմ-Արմենիային և ստիպված կլինի առաջին հերթին պայմանավորվել ռուսական կողմից հետ»,-եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին հայկական և իրանական կողմերը կոնցեսիոն համաձայնագիր են ստորագրել, ըստ որի` քննարկվել են տեխնիկատնտեսական հիմնավորումներն ու նախագծման, շինարարության և նախագծի ֆինանսավորման հիմնական խնդիրները։ Հայաստանի և «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջև իրականացված համագործակցության շնորհիվ մշակվել է «Հարավային երկաթուղի» նախագծի իրականացման տեխնիկական հիմնավորումը։ Նախագծի արժեքը գնահատվում է 3.5 մլրդ դոլար։ Հայաստանի տարածքում երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 305 կմ։ Այն կունենա 19.6 կմ ընդհանուր երկարության 86 կամուրջ և 102 կմ ընդհանուր երկարության 60 թունել։ Շինարարությունը, ծրագրի համաձայն, կավարտվի 2022 թվականին։