Արմինֆո. Հայաստանի տնտեսության լուրջ մարտահրավերներից մեկը դոլարիզացիայի բարձր մակարդակն է: Տնտեսական լրագրողների ակումբի ևKondard Adenauer Stiftung ընկերության նախաձեռնությամբ Հայաստանի տնտեսության մարտահրավերների թեմայով կազմակերպված մամուլի ասուլիսում փետրվարի 17-ին նման կարծիք է հայտնել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, նշելով, որ դոլարային բաղադրիչը Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում մոտենում է 65%-ի, իսկ ավանդային պորտֆելում` 70%-ի սահմանագծին:
«Ո՞ւմ դրոշն է պետք կախել Կենտրոնական բանկի շենքի վրա, հայկական, թե՞ ամերիկյան: Գուցե եկե՞լ է դրամի հուշարձանի փոխարեն դոլարի հուշարձան կանգնեցնելու ժամանակը: Ե՞րբ մենք կհասկանանք, որ մեր արժույթը դոլարը չէ, այլ դրամն է»,-հարցադրել է Վ.Խաչատրյանը: Փորձագետը վրդովմունքով հավելել է, որ միջազգային կառույցները, որոնք ֆինանսավորումը տրամադրում են արտարժույթով, վարկառուի առջև պայման են դնում միջոցները տեղաբաշխել այն արժույթով, որով տեղի է ունեցել սուբսիդավորումը: «Արժութային շուկայում ստեղծված այս իրավիճակը նպաստում է, որպեսզի մենք դառնանք «ստրուկներ», ցանկացած տնտեսական տատանումների դեպքում»,-ընդգծել է նա:
Ազգային արժույթի ամրապնդումից բացի փորձագետը գտնում է, որ տնտեսության մարտահրավերներին դիմակայելու համար Հայաստանը պետք է ներդնի ներմուծման փոխարինման մեխանիզմ, շուկայում ստեղծի մրցակցային պայմաններ, ներգրավելով երկրի տաղանդավոր կադրերին: Խաչատրյանը նշել է նաև, որ տնտեսական զարգացմանը խոչընդոտում է նաև Հայաստանի սոցիալապես ակտիվ բնակչության արտահոսքը, որը վերջին 5 տարիներին կազմել է 210 հազար մարդ:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2016 թվականի հունվարի 1-ին Հայաստանի բանկերի համախառն վարկային ներդրումները կազմել են 2.1 տրլն.դրամ, որտեղ 61%-ը (1.3 մլրդ. դրամ) կազմում է դոլարի բաղադրիչը, մեկ տարոմ նվազելով 4.2%: Ավանդային պորտֆելը կազմել է 1,95 տրլն.դրամ, որտեղ 69,6%-ը (1.36 մլրդ.դրամ) կազմում է դոլարի բաղադրիչի, տարեկան աճը` 8%: