Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին ռեսուրսներ կտրամադրի ներմուծման փոխարինում կազմակերպելու համար: Ինչպես հաղորդում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը, ներկայումս Բանկը դիտարկում է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին վերաբերվող նախագիծը, որն ուղղված կլինի ՌԴ շուկայից դուրս մղվող հետպատժամիջոցային սննդամթերքի փոխարինմանը:
Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականին 2014-ի համեմատ նվազել է 20.6% (2014-ի աճը կազմել էր 1%, իսկ 2013-ին` 5.6%), կազմելով 2.3 տրլն. դրամ ($ 4.7 մլրդ): Դրա կառուցվածքում արտահանման ծավալը 2015-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 710.5 մլրդ դրամ ($ 1.5 մլրդ), տարեկան անկումը` 3,9%, իսկ ներմուծումը` 1,6 տրլն դրամ ($ 3.3 մլրդ), տարեկան անկումը` 26.5%: Ըստ փորձագետի, ներմուծման ծավալների անկումը պայմանավորված էր ոչ միայն տնտեսության ճգնաժամային երևույթներով, բնակչության գնողունակության անկումով և ռուբլու փոխարժեքի փոփոխականությունով, այլ նաև այն փաստով, որ շատ ապրանքներ հեռավոր արտասահմանից Հայաստան էին ներմուծվում Ռուսաստանից` վերաարտահանման միջոցով: Հետևաբար, «պատժամիջոցային» պատերազմը մասնակիորեն ազդեց նաև ներմուծման ծավալների անկման վրա:
Ըստ Բանկի, 2015 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ ԵԱԶԲ ներդրումները Հայաստանում կազմել են բանկի ընդհանուր ներդրումային պորտֆելի 1.4%-ը: Հայաստանում ԵԱԶԲ ռազմավարական և համակարգային նախագծերի թվում են` «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, ոռոգման համակարգերի արդիականացումը, որոնց ֆինանսավորումն իրականացվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գծով:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, 2006 թվականի հունվարին, անդամ-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և առևտրի ու տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը նպաստելու նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ.դոլար: Բանկի մասնակից պետություններն են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: