Արմինֆո. Telcell վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն: Ինչպես փետրվարի 22-ին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում, այդ մասին որոշում ընդունվել է ԿԲ խորհրդի փետրվարի 19-ի նիստում:
Telcell ընկերությունում ԱրմԻնֆո-ին տեղեկացրել են, որ էլեկտրոնային փողերը վիրտուալ շրջանառության մեջ կդրվեն 2016 թ. II եռամսյակից: Ներկայումս մշակվում են էլեկտրոնային փողերի անվանման տարբերակներ: Դրանց շրջանառության մեջ դրմամբ, Telcell-ի կանխատեսումների համաձայն, Հայաստանում օգտագործվող էլեկտրոնային դրամապանակների բաժինն անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալում ներկայիս 6-7%-ից կհասնի 20%-ի:
Էլեկտրոնային փողերի շուկայի հետագա տեխնոլոգիական զարգացման քայլերի մասին ավելի մանրամասն Telcell-ը կհայտարարի ընթացիկ տարվա սեպտեմբերին: Ինչպես ԱրմԻնֆո-ին պարզաբանել են Telcell-ի մամուլի ծառայությունում, դեռ 2015 թվականին ընկերության կողմից որոշվել էր ներդնել երկու ուղղություն՝ ակնթարթային դրամական փոխանցումներ և էլեկտրոնային փողեր: Telcell համակարգով ակնթարթային դրամական փոխանցումների իրականացման թույլտվություն ՀՀ ԿԲ-ից ստացվել էր 2015 թ. դեկտեմբերին, ինչից հետո արդեն 2016 թվականի փետրվարին հաջորդեց էլեկտրոնային փողերի թողարկման ԿԲ թույլտվությունը:
Նշենք, որ 2007թ. օգոստոսի 4-ին Telcell ընկերությունը մեկնարկ տվեց բիզնեսի նոր ուղղության, Հայաստանում ձեւավորվեց ինքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների ընդունման առաջին ցանցը:Telcell-ի պրոցեսինգի կենտրոնը իրական ժամանակի ռեժիմում ազդանշաններ է ընդունում ցանցի բոլոր տերմինալներից, մշակում է դրանք, կապվում է օպերատորների վճարման անցարգելներին (շլյուզներին): Ներկայում ընկերության տերմինալների միջոցով ընդունվում են 100 կապի օպերատորներին և զանազան ծառայությունների պրովայդերներին վճարներ:
Հրապարակված վերջին ֆինանսական հաշվետվության համաձայն, 2014 թ. ընկերության ընդհանուր հասույթը կազմել է 2,025 մլրդ դրամ, մաքուր շահույթը՝ 777,9 մլն դրամ: Ընկերության բաժնետերերի անունները չեն բացահայտվում: