Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին` գյուղատնտեսական տնտեսությունների վարկավորման հետ կապված ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից, հանդիպման ընթացքում Հակոբ Անդրեասյանը տեղեկացրել է, որ այսօրվանից բանկը պատրաստ է սկսել սուբսիդավորվող վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին` 2016 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով:
«Քանի որ այս տարի գարնան գյուղատնտեսական աշխատանքները մոտ մեկ ամիս վաղ են մեկնարկել, ուստի ՀՀ Կառավարությունը քայլեր է ձեռնարկել, որպեսզի գյուղացիական տնտեսություններին վարկերը ևս տրամադրվեն առավել վաղ։ Սուբսիդավորվող վարկերի տրամադրման պետական ծրագիրը, որի շրջանակում այսօր տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով` փաստացի 8 տոկոսով դրամային վարկեր, կարևոր աջակցություն է գյուղացիական տնտեսությունների համար: Մեր երկրի գյուղատնտեսության զարգացման հիմնական ուղիներից մեկն էլ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումն է, որոնց գործունեության խթանման համար սուբսիդավորվող վարկերի տրամադրումից զատ մեծ դերակատարում կարող է ունենալ նաև առավել արտոնյալ պայմաններով վարկավորման իրականացումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Բանկի գործադիր տնօրենը ողջունել է այդ առաջարկը և նշել, որ Հայաստանում կոոպերատիվների շարժմանն աջակցելու նպատակով իրենք պատրաստ են առավել մատչելի տոկոսադրույքով վարկեր տրամադրել, ինչպես նաև հավելել է, որ կարող են նաև փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել հայկական կոոպերատիվների համար` առավել փորձառու ղեկավարներին գործուղել Ֆրանսիա կամ այնտեղից մասնագետներ հրավիրել Հայաստան՝ տեղում խորհրդակցություններ անցկացնելու համար:
Բանկի տնօրենը հավաստիացրել է, որ վարկերը գյուղացիական տնտեսություններին կտրամադրեն ժամանակին և կցուցաբերվի անհատական մոտեցում։
Առաջիկայում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև նախատեսվում է ստորագրել համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, գյուղատնտեսության վարկավորման հատվածում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդիսանում է Հայաստանի բանկային շուկայի անփոխարինելի առաջատարը: Ներկայումս Հայաստանի բանկերի կողմից գյուղատնտեսության վարկավորմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաբաժինը կազմում է ավելի քան 54%-ը, իսկ Բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերի տեսակարար կշիռը գերազանցում 39%-ը:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը, 15.56% բաժնեմասով, որին հաջորդում է SJSC «Sacam Internationalե-ը (Credit Agricole S.A. խմբի անդամ)` 12.44%: Բանկի կապիտալին մասնակցում են նաև Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: Մասնաճյուղրի ցանցով բանկը երկրորդն է Հայաստանում: Իր հիմնական հաշվեկշռայիին ցուցանիշներով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: