Արմինֆո. Ախուրյանի շաքարի գործարանը տարրական բուտաֆորիա է, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ գործարանը պատկանում է Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Փաշինյանը նշել է, որ Ալեքսանյանը փաստացի ոչ թե հումք է ներմուծում ձեռնարկության համար, այլ՝ պատրաստի շաքարավազ: Այդպիսով, նա խուսափում է տասնյակ միլիոնավոր դոլարներ վճարել պետական բյուջե: Փաշինյանի խոսքով, դեռ 2010 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ հանդիսավոր հայտարարվել է գործարանի շինարարությունը սկսելու մասին: Այդ առնչությամբ պետության ղեկավարի կայքում հաղորդագրություն հայտնվեց, որում նշվում էր, որ գործարանի կառուցումը Հայաստանում շաքարի արտադրությունը վերականգնելու նպատակ է հետապնդում, ինչն իր հերթին կհանգեցնի շաքարի ճակնդեղի արտադրության աճի:
Ավելի վաղ՝ 2008 թվականին, ՀՀ կառավարությունը հաստատել էր ճակնդեղագործության զարգացման հայեցակարգը: Այդ ժամանակ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ գործարանն այդ գործընթացի լոկոմոտիվը կհանդիսանա, քանի որ տեղում կվերամշակի արտադրված ճակնդեղը: Փաշինյանը հարցում է ուղարկել Գյուղատնտեսության նախարարությանը՝ 2010-2014 թթ. ճակնդեղի արտադրության ծավալները պարզելու նպատակով: Գերատեսչության ղեկավար Սերգո Կարապետյանի ստորագրությամբ 2015 թ. մայիսի 15-ին պատասխան է ստացվել այն մասին, որ նշված ժամանակահատվածում գործարանի կողմից ոչ մի կիլոգրամ ճակնդեղ չի գնվել:
Միաժամանակ, ինչպես հայտարարել է պատգամավորը, գործարանի աշխատակիցների քանակի և վճարված հարկերի մասին նրա հարցմանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանել է, որ հարցմանը պատասխանել հնարավոր չէ, քանի որ գործարանն իրավաբանական անձ չէ, և խոսքը կարող է վերաբերել ոչ թե կոնկրետ գործարանի, այլ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ՚ բազմապրոֆիլ ընկերությանը, որում շուրջ 3 հազար մարդ է աշխատում: Պարզվել է, որ հնարավոր չէ նաև որոշել գործարանի կողմից վճարված հարկերի ծավալը, քանի որ գործարանը հարկատու չէ: Արդեն ընթացիկ տարում Ալավերդյանը հայտնել է, որ Ալեքսանյանն արտադրության համար հումք չի գնում տեղում, այլ՝ ներկրում է այն արտերկրից:
Այս ողջ պատմության մեջ, նշել է Փաշինյանը, ամենատխուրն այն է, որ ճակնդեղագործության զարգացման հայեցակարգն իմիտացիա է: ՙԲայց պետք չէ հուսահատվել, քանի դեռ ՀՀ-ում կան ճակնդեղագործության այնպիսի նվիրյալներ, ինչպիսին Սամվել Ալեքսանյանն է՚, -ասել է ընդդիմադիր պատգամավորը: