Արմինֆո. Մարտի 18-ին Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկը ստորագրել են«Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական միջոցառումների ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք ամբողջովին կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը: Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական միջոցառումների վարկավորմանը:
Գործակցության շրջանակում նախատեսվում են նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն:
Հիշեցնենք, որ KfW-ն Հայաստանի խոշոր դոնորներից մեկն է: Վերջին 20 տարում 14 ծրագրերի գծով KfW ներդրումները կազմել են շուրջ 500 մլն եվրո, այդ թվում` ՓՄՁ, ագրոհատվածի, էներգահամալիրի, բնապահպանության և ֆինանսավարկային ոլորտներում:
Նաև նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Գերմանիայի ընդհանուր ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2015 թվականի 9 ամիսների արդյունքներով հասել է գրեթե 62 մլն դոլարի` տարեկան գրեթե 2 անգամ աճով (երկրորդ դիրքը` ըստ ներդրումների ծավալի): 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ KfW հանդեպ Հայաստանի պարտքը կազմել է 189.9 մլն դոլար կամ ՀՀ արտաքին պարտքի ընդհանուր ծավալի 4,4%-ը: 2015 թվականին բանկի հանդեպ պարտքն ավելացել է 10,4%-ով: