Արմինֆո. Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը հայրենական ապրանքարտադրողների համար ստեղծում է մի նոր, արդյունավետ գործիք, մինչարտահանումային ֆինանսավորման գործիքը: Նոր ծառայության շնորհանդեսը տեղի է կունենա օրերս, Արմսվիսբանկի հետ համագործակցության առաջին հուշագրի ստորագրման շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է գործակալության տնօրեն Վազգեն Աբգարյանը, կազմակերպոյթունը լրջորեն է նախապատրաստվել նոր ծառայությունը շուկա դուրս բերելուն, որի արդիականությունը վաղուց էր հասունացել: «Ուսումնասիրելով արտահանողների շուկան և բազմաթիվ հանդիպումներ ու խորհրդատվություններ ունենալով բանկերի հետ, մենք շուկայում արձանագրեցինք մինչարտահանումային ֆինանսավորման ծառայության նկատմամբ էական պահանջարկի առկայությունը: Խոսքը գնում է արտադրողին օգնելու մասին, որն ունի արտասահման ապրանքներ մատակարարելու պայմանագիր, բայց չունի բավականաչափ ֆինանսական միջոցներ և շրջանառու կապիտալ, որպեսզի գնի հումք և կատարի այլ ծախսեր` պրոդուկտը շուկայական վիճակի հասցնելու և արտահանելու նպատակով: Մեր նոր պրոդուկտն արտահանողին հնարավորություն կտա այդ նպատակով առևտրային բանկերից ներգրավել լրացուցիչ միջոցներ, մեր ապահովագրության դեպքում»,-նշել է ընկերության ղեկավարը: «Շատերն են մեզ ասում, որ արտահանման նպատակով կարող են ավելի շատ ապրանքաներ արտադրել, բայց դրա համար չունեն բավարար դրամական ռեսուրսներ: Իսկ այդ միջոցների ստացման համար գրավային ապահովումը բավարար չէ, վարկերի տոկոսադրույքները բարձր են: Մինչարտահանումային ապահովագրական վկայագիրն ստանալու համար արտահանողը պետք է բանկերի համար ունենա ընդունելի վճարունակություն: Գործակալության հավանությանն արժանացած արտահանման պայմանագրի և բաժնետերերի երաշխիքների առկայության դեպքում մեր ընկերոթյունը պատրաստ է ապահովագրել բանկային վարկի 95%-ը և տոկոսները: Այդ սխեման շատ ձեռնտու է նաև բանկերին, քանի որ ապահովագրված վարկն էապես պակասեցնում է վարկային ռիսկերը և բարձրացնում իրացվելիությունը: Մինչարտահանումային ապահովագրությունը կարող է բացառապես օգտագործվել ապրանքների արտադրության, հումքի և տարայի ձեռքբերման, ինչպես նաև տեղափոխման և մաքսատուրքների վճարման համար: Խոսքը գնում է կարճաժամկետ ծախսերի մասին, որոնք անմիջապես ուղղվում են արտադրվող ապրանքի արտահանումային գրավչության մեծացմանը կամ բարձրացմանը»,-ասել է նա:
Ինչպես նշել է զրուցակիցը, միջազգային փորձը ցույց է տալիս, որ արտահանումային ապահովագրական ծառայությունների ներդրումը զգալիորեն տարբերվում է ավանդական ապահովագրական ծառայություններից, և որը զարգացող երկրներում պահանջում է 3-4 տարիների ինստիտուցիոնալ կայացում: Քանի որ Հայաստանում նման ծառայությունների մատակարարման նախադեպը չկար, գործակալությունն ուժգնորեն պատրաստվում էր պոտենցիալ պահանջարկի ստեղծմանը, ինտենսիվորեն աշխատելով արտահանողների հետ, առևտրային բանկերի հետ, բիզնես-հանրությունների և միավորումների հետ, արտահանման ապահովագրության էությունը պարզաբանելու ուղղությամբ, ընդհանրապես, իսկ մասնավորապես, մինչարտահանումային ֆինանսավորման ապահովագրության բացադրիչի ու դրա հնարավորությունների և պայմաների էությունը պարզաբանելու նպատակով: Գործակալության աշխատակիցներն այցելեցին երկրի 10 մարզերը, հանդիպեցին ավելի քան 300 ձեռնարկատերերի հետ, օգտագործեցին տեղեկատվական ողջ զինանոցը, տարան բացատրական զրույցներ պոտենցիալ հաճախորդների հետ:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում:
Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: