Արմինֆո. Ապրիլի 1-ից մեկնարկում է «Իմ Ֆինանսների Ամիս» լայնածավալ միջոցառումների ծրագիրը: Միջոցառումն արդեն ավանդական է դարձել՝ անցկացվում է երրորդ անգամ: Այն նպատակ ունի հանրության շրջանում կարևորել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարումը: Այս մասին մարտի 31-ին ծրագրի մեկնարկի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
Նրա խոսքով, ծրագրի ընթացքում հանրության համար ֆինանսական շուկայի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ կիրականացվեն ուսուցողական և տեղեկատվական ինտերակտիվ միջոցառումներ:
Արմենակ Դարբինյանը շեշտադրել է ծրագրի կարևորությունը՝ նշելով որ ՀՀ քաղաքացիներն անձնական ֆինանսների կառավարման հարցում հանդիպում են դժվարությունների: Օրինակ` համաձայն «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունները–2014» հետազոտության հարցման արդյունքների, բնակչության գրեթե 45%-ը չի հաշվառում իր եկամուտներն ու ծախսերը, իսկ խնայողություն ունեցողների շուրջ 60%-ը ամբողջ գումարը պահում է տանը, իսկ թե ի՞նչ են ֆինանսական զեղծարարությունները և ինչպես զերծ մնալ դրանցից, գիտի միայն 13%-ը: «Իմ Ֆինանսների Ամիս» ծրագրի միջոցառումները ուղղված են լինելու մի շարք գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, օրինակ՝ ինչպես կատարել արդյունավետ խնայողություններ, պլանավորել եկամուտներն ու ծախսերը, խուսափել պարտքի բեռից, ուր և ում դիմել սեփական իրավունքները պաշտպանելու համար, ինչպես խուսափել ֆինանսական զեղծարարություններից և այլն:
ՀՀ կենտրոնական բանկի՝ սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումների մասին: Այսպես` մասնակիցները «ֆինանսական շրջագայության» ժամանակ կայցելեն ֆինանսական տարբեր կառույցներ, կմասնակցեն ինտելեկտուալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» միջհամալսարանական առաջնությանը և ֆինանսական տարբեր թեմաներով բանավեճերի մրցաշարին: Քաղաքացիները կարող են մասնակցել տարաբնույթ մրցույթներին, ինչպես նաև՝ ֆինանսական ոլորտի փորձագետների կողմից գլխավոր դրամատանը անցկացվող տարբեր ֆինանսական թեմաներով մեկժամյա բաց սեմինարներին: Ֆինանսական կրթման սեմինարներ կիրականացվեն Հայաստանի մի շարք գյուղերում, բացի այդ գրեթե բոլոր մարզերի դպրոցականները, ձևավորելով խմբեր, հնարավորություն կունենան կիսվել իրենց ֆինանսական գիտելիքներով և ձեռքբերումներով Ֆինանսատնտեսագիտական (Brain Ring) խաղ մրցույթի ժամանակ, ինչպես նաև մասնակցել խնայողությունների խաղին:
Նշենք, որ ծրագրի գործընկերներն են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, Հայաստանի բանկերի միությունը, ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը, Երևանի Քաղաքապետարանը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, Հայաստանի պատանեկան նվաճումները, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը, Գերմանական խնայբանկերի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը, մի շարք առևտրային բանկեր, վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ: