Արմինֆո. ՀՀ Կառավարության մարտի 31-ին նիստում հավանության է արժանացել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարևորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:
Ինչպես պարզաբանել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատել ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են ՀՀ կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Օրինագծին կից հիմնավորման համաձայն՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական բյուջեից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները ստացող կազմակերպություններին տրվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնցով ստացողները ստանձնում են զանազան պարտավորություններ (ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն է առաջանում)` դրամաշնորհներով իրականացվող ծրագրերը հարկվում են ԱԱՀ-ով և արդյունքում վտանգվում է դրանց լիարժեք իրականացումը:
Միաժամանակ, վտանգվում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարևոր նշանակության ծրագրերի իրականացումը, այլև բարդանում է տարբեր ոլորտներում նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը Հայաստան և վերջիններիս հետ համատեղ տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը: Վերոնշյալ խնդիրը բազմիցս բարձրացվել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների կողմից տարբեր քննարկումների շրջանակում, այդ թվում` Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստերի ընթացքում: Օրինագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի հիշյալ հոդվածի տարընթերցումը և չի վտանգվի ՀՀ տնտեսության զարգացման համար կարևոր նշանակության ծրագրերի իրականացումը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ հարցի շուրջ բազմաթիվ քննարկումեր են կազմակերպվել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի առաջարկությամբ: «Այո, կան դրամաշնորհներ, որոնք պետք է ազատենք ԱԱՀ-ից, ինչը ճիշտ որոշում կլինի»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը: