Ուրբաթ, 1 Ապրիլի 2016 19:31
Էմմանուիլ Մկրտչյան

Բաքուն դժգոհել է ՄԱԳԱՏԷ-ին Մեծամորի ԱԷԿ-ից

Բաքուն դժգոհել է ՄԱԳԱՏԷ-ին Մեծամորի ԱԷԿ-ից

Արմինֆո. Բաքուն Մեծամորի ԱԷԿ-ի առնչությամբ իր դժգոհությունն է հայտնել ՄԱԳԱՏԷ-ին:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկի Ամանոյի հետ: ՙՀանդիպման ընթացքում քննարկումներ են տեղի ունեցել՝ Հայաստանում տեղակայված հնացած Մեծամորի ատոմակայանի գործունեությունից բխող վտանգի հետ կապված՚,- հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը:

ԱԳՆ ղեկավարը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայում փոփոխությունները հաստատելու մասին փաստաթուղթը:

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ը գործում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կառավարման ներքո: Կայանում տեղադրված է ռուսական «ՎՎԷՌ-440» նմուշի երկու էներգաբլոկ` 815 ՄՎՏ ընդհանուր հզորությամբ: ԱԷԿ առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, իսկ երկրորդը` 1980 թվականին: 1989 թվականի սկզբին կայանը կոնսերվացվել էր քաղաքական նկատառումներով, իսկ 1995 թվականի սկզբին վերագործարկվել է ՀԱԷԿ ներկայում գորիծող երկրորդ բլոկը` 404 ՄՎտ հզորությամբ: Հայկական ԱԷԿ-ին բաժին է ընկնում հանրապետությունում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ը: Գործող էներգաբլոկի ծառայության ժամկետը լրանում է 2016 թվականի վերջին: Նախատեսվում է այն երկարաձգել մինչև 2027 թիվը` Ռուսաստանի 270 մլն դոլար վարկի հաշվին: