Արմինֆո. Ապրիլի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակության կազմում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, փոխնախարարներ Գառնիկ Բադալյանը, Էմիլ Տարասյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը:
Քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները: Առանձնահատուկ կարևորվել է փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել տնտեսության այլ ոլորտներում կապերի սերտացման հնարավորությունները և ներկայացնել առաջարկություններ կոնկրետ գործողությունների վերաբերյալ:
Արայիկ Հարությունյանը հրավիրել է Արծվիկ Մինասյանին այցելել Արցախ` տեղում ծանոթանալու ԼՂՀ տնտեսության զարգացման և Հայաստանի հետ ակտիվ համագործակցության հնարավորություններին:
ԼՂՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել մասնակցելու «Արցախի բարիքներ» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացմանը, որը տեղի կունենա ապրիլի 2-ին` Երևանի քաղաքապետարանում: Միջոցառումը նախաձեռնել է ԼՂՀ կառավարությունը` Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն արցախյան ավելի քան երեք տասնյակ կազմակերպություններ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |