Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) տեսնում է Հայաստանի Հարկային օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտությունը, ելնելով երկրի ֆիսկալ համակարգին սպասվող ցնցումներից և մարտահրավերներից: Ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Հոսեյն Սամիեյին:
Նրա խոսքով, նոր օրենսգիրքը կնպաստի հարկային վճարների հավաքագրման արդյունավետությանը և աճին, միաժամանակ բարելավելով նաև երկրի գործարար հատվածի վիճակը:
Դրամավարկային քաղաքականության առումով Սամիեյին նշել է. «ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ եկանք համաձայնության և որոշ ժամանակ անց աստիճանաբար կաշխատենք մեղմել դրամավարկային պայմաները և իջեցնել տոկոսադրույքները»:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կանխատեսումներով 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճն ակնկալվում է`2.5%: Ըստ ՎԶԵԲ-ի կանխատեսման, Հայաստանի տնտեսական աճը 2016 թվականին կկազմի 2%: ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով, ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2016 թվականին վերանայվել է դանդաղեցման կողմը`3.2-3.9%-ից մինչև 1,6-2,7%: ՀՀ պետական բյուջեով 2016 թվականին ՀՆԱ աճը կկազմի 2.2%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2015 թվականին կազմել է 3%, 2014 թվականի 3.5%-ի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2015 թ. աճել են ընդամենը 0.9%, մինչև 1.147 տրլն.դրամ, իսկ ծախսերն աճել են 12,2%, մինչև 1.378 տրլն.դրամ, հետևաբար, բյուջեի դեֆիցիտը մեծացել է 2,5 անգամ: Եկամուտների կառուցվածքում հարկերի և տուրքերի գծով մուտքերը տարեկան կտրվածքով աճել են 0,4%, մինչև 1.068 տրլն.դրամ, 2014-ի` 6,3% -ի համեմատ: 2014 թ-ին, եկամուտներն աճել էին 6.6%, իսկ ծախսերը` 14.1%: