Արմինֆո. ՀՀ դրամի մարտից սկսված արժևորումն ապրիլի 4-ից կրկին փոխարինվեց արժեզրկումով, և ապրիլի 8-ին փոխարժեքը հասավ 484.5 դրամ/դոլար մակարդակ: Ընդ որում, արտարժույթի բորսայական հարթակն առայժմ «կյանքի նշաններ» չի ցուցաբերում, իսկ արտարժույթի միջբանկային շուկայում ընթացիկ շաբաթ 28% նվազեց ակտիվությունը: Հատկանշական է, որ Կենտրոնական բանկը տարեսկզբից մինչ օրս չի միջամտել իրավիճակին և ինտերվենցիաներ չի իրականացրել: Արդյունքում, 2016 թվականի առաջին եռամսյակում դրամը դոլարի նկատմամբ հասցրեց արժեզրկվել մինչև 496 դրամ/դոլար մակարդակ (փետրվարի 12-ին) իսկ մարտի 25-ին կրկին վերադարձավ իր սկզբնական` 482 դրամ/դոլար մակարդակին, որից հետո, ապրիլի 2-ին, ամրապնդվեց 480.5 դրամ/դոլար մակարդակում, որից հետո, ապրիլի 8-ին, կրկին սկսվեց արժեզրկումը, հասնելով մինչև 484.5 դրամ/դոլար մակարդակ: Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան տարեսկզբի մինչ օրս չի գործել, բացառությամբ մարտի 11-ի նվազագույն ծավալին: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան շարունակում է ցուցաբերել գրեթե ամենօրյա ակտիվություն, ապրիլի 4-8-ը ապահովելով 2.5 մլն.դոլարի ծավալ, իսկ միջին փոխարժեքն արձանագրելով 482.05 դրամ/դոլար մակարդակում:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) ապրիլի 4-8-ը բանկերը գնել են 68.7 մլն դոլար (շաբաթվա անկումը`11%), 481.09 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 77.3 մլն դոլար (շաբաթվա անկումը`7.2%), 482.82 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 8.4 մլն եվրո (շաբաթվա աճը`27.3%), 546.31 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 12.8 մլն եվրո (շաբաթվա աճը`16.4%), 550.22 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է նաև 772.1 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`11.6%), 7.03 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 370.3 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 20%), 7.12 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:
Նախորդ շաբաթ (մարտի 28-ից ապրիլի 2-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 44.2 մլրդ դրամի և 56.7 մլն դոլարի վարկեր: Նախորդող շաբաթվա համեմատ (մարտի 21-25-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել`17.6%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`28%:
Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20.6%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, և այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, չնայած ԿԲ շաբաթական միջամտություններին, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, բայց մարտին սկսեց ամրապնդվել և մարտի 25-ին հասավ 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 538 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 7.1 դրամ/ռուբլի մակարդակ: Հետագայում, ապրիլի 2-ին դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց`480.5 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 547 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 7.5 դրամ/ռուբլի մակարդակներում, որից հետո կրկին սկսվեց դրամի արժեզրկումը, ապրիլի 8-ին հասնելով 484.5 դրամ/դոլար մակարդակի, եվրոյի նկատմամբ` 551 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` մինչև 7.3 դրամ/ռուբլի մակարդակներին:
NASDAQ OMX Armenia արտարժութային բորսան 2016 թվականի սկզբից դատարկ է, և բանկերի հետաքրքրության կորուստը բորսայի գլխավոր տնօրենը պայմանավորում է իրենց պահանջները ներբանկային գործառնություններով բավարարելու բանկերի նախընտրությունով, կամ էլ նրանով, որ բանկերն ավելի արդյունավետ են համարում արտաբորսայական գործորքների իրականացումը: Նա տեղեկացրել է, որ, NASDAQ OMX Armenia արտարժութային բորսան շուտով կգործարկի գործարքների կնքման նոր տեխնիկական հարթակը և փոխադարձ հաշվարկների մեխանիզմը, ինչի նկատմամբ բարձր հետաքրքրությունը ֆինանսական կառույցներին կրկին կվերադարձնի բորսայական հարթակ: Նախատեսվում է գործարկել նաև գործարքների կնքման T+N (հետաձգված ռեժիմով գործարքներ) կամ նախնական պահուստավորմամբ ռեժիմները, ինչի հետ մեկտեղ հնարավորոթյուն կստեղծվի գործարքներն իրականացնել առանց փոխհաշվարկների: