Արմինֆո. Ապրիլի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (ԳՄՀԸ /GIZ) երևանյան գրասենյակի տնօրեն Աննե Դորիթ Կեմպային և ԳՄՀԸ Մասնավոր հատվածի զարգացում ծրագրի ղեկավար Կոռնելիա Սկոկովին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, շնորհակալություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության և տարիների ընթացքում իրականացրած աշխատանքի համար` Արծվիկ Մինասյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է իրականացվող ծրագրերում առաջնահերթությունները և ԳՄՀԸ-ից ակնկալվող աջակցությունը դրանց շարունակականության ապահովման և արդյունավետ իրականացման գործում:
Անդրադարձ է եղել մի շարք ուղղություններով Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերին, այդ թվում` մասնավոր հատվածի զարգացմանը, հանրային ֆինանսական կառավարմանը, Հարավային Կովկասում ԵՄ չափորոշիչների իրավական մոտարկմանը, տեղական կառավարման ծրագրին: Նախարարը խոսել է ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող սիրիահայերի աջակցման ծրագրերի, Գերմանիայից ներդրումների խթանման և, այս համատեքստում, հնարավոր բոլոր խոչընդոտների վերացման, կրթական ծրագերի, կայուն տնտեսական և համայնքային զարգացումներին առնչվող խնդիրների, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության խորացման հարցերի մասին:
Աննե Դորիթ Կեմպան իր գոհունակությունն է հայտնել նման խորը ուսումնասիրության համար, նշելով, որ այն հարցերը, որոնց շուրջ պատրաստվում էր խոսել, նախարարն արդեն իսկ ներկայացրել է: ԳՄՀԸ երևանյան գրասենյակի տնօրենը նշել է, որ հունիսին Երևանում կլինի ծրագրերի իրականացման գնահատման առաքելությունը և, թերևս, այդ ժամանակ արդեն հստակ առաջարկների շուրջ քննարկում կծավալվի:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու համագործակցության ամրապնդմանը և խորացմանը: