Արմինֆո. Հայաստանում շարունակվում է երկու ջերմային նոր էներգաբլոկների շինարարությունը: Այս մասին ապրիլի 13-ին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:
Նրա խոսքով, մշակվում են երկու նախագծերի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Բայց խոնախարարը դժվարացել է պատասխանել երկու էներգաբլոկների շինարարության տեմպերի և ժամկենրի վերաբերյալ հարցին: «Ցանկացած պարագայում ակնհայտ է, որ երկու բլոկներն էլ հագեցված կլինեն նորագույն տեխնոլոգիաներով, մոտավորապես այնպիսի, ինչպիսին Երևանի ՋԷԿ-ում է, ջերմագեներատորային կայանքով, միգուցե և ավելի հզոր»,-նշել է փոխնախարարը:
2016 թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ կառավարության և «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ-ի միջև կնքվող` Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում «Համակցված Շոգեգազային ցիկլով» 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: Ըստ հիմնավորման՝ «Գրեյնջ Փաուեր» ՍՊԸ, որն այս բնագավառում նշանակալի փորձ, տեխնիկական և ֆինանսական հնարավորություններ ունի, նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ ՀՀ կառավարությունը կաջակցի «Գրեյնջ Փաուեր»-ին ձեռք բերել հողատարածք էլեկտրակայանի կառուցման համար՝ Լոռվա մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում: Ընկերությունը պարտավորվում է պայմանագրի կնքման պահից 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Դրանից հետո ՀՀ կառավարությունը պարտավորվում է 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում երաշխավորել էլեկտրաէներգիայի արտադրության համար էլեկտրակայանին անհրաժեշտ գազի մատակարարումը:
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, թույլ չտալ պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականություն` բոլոր տեսակի, բնույթի հարկերի առնչությամբ և հանդիսանում է բացառիկ կարևոր պայման այլ տնտեսական համաձայնագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար: Չեռնոգորիայի հետ կրկնակի հարկման համաձայնագրի նախագծի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը: