Արմինֆո. Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը մտադիր չէ մեկնաբանել ապրիլի 17-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում նավթ արտադրող պետությունների համաժողովից հետո նավթի համաշխարհային գների բարձրացման հնարավորությունը:
Երևանում պատասխանելով ԱրմԻնֆո-ի համապատասխան հարցին՝ նախարարը նշել է, որ նավթի գները կարգավորում է շուկան: ՙԳները որոշվում են՝ ելնելով բազմաթիվ գործոններից, որոնցից գլխավորը պահանջարկի և առաջարկի հավասարակշռությունն է՚,- ընդգծել է նախարարը: Նա հիշեցրել է, որ առաջիկա գագաթնաժողովի ընթացքում բանակցությունների հիմնական առարկան նավթի արտադրության ծավալների պահպանման խնդիրը կլինի: Ա. Նովակը նշել է, որ համաժողովի կազմակերպիչներից ստացված տեղեկությունների համաձայն, այսօրվա դրությամբ 17 երկիր Դոհա ժամանելու ցանկություն է հայտնել: ՙՄասնակիցների ավելի ճշգրիտ թիվը հայտնի կդառնա մինչև շաբաթվա վերջ՚,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ռուսական կողմը Կատար է մեկնում մեկ նպատակով՝ քննարկել և ընդունել կոնսոլիդացված որոշում՚,- ընդգծել է նախարարը:
Նշենք, որ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, արդյունահանման սառեցման շուրջ բանակցությունների հաջողության դեպքում նավթը կարող է թանկանալ մեկ բարելի դիմաց մինչև $50: Առայժմ համաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Վենեսուելան, Նիգերիան, Ալժիրը, Ինդոնեզիան, Էկվադորը, Բահրեյնը, Օմանը և այլ երկրներ: ՕՊԵԿ անդամներից ներկայացված չի լինի միայն Լիբիան, որը հրաժարվել է մասնակցությունից: Իրավիճակում ամենամեծ անորոշությունը մտցնում է Իրանի դիրքորոշումը: Փետրվարի կեսին Դոհայում Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Վենեսուելայի և Կատարի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ նավթի արդյունահանումը կարող է սառեցվել 2016 թ. հունվար-փետրվարի մակարդակի վրա, եթե դրան գնան այլ առանցքային խաղացողներ: Սակայն, Թեհրանը, ֆորմալ կերպով աջակցելով գաղափարին, ավելի ուշ ՙանտրամաբանական՚ և նույնիսկ ՙծիծաղելի՚ անվանեց այն՝ ավելացնելով, որ իրեն հատուկ պայմաններ են անհրաժեշտ, քանի որ միայն վերջերս են չեղարկվել երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանն արդեն դեմփինգ է անում՝ օրական ավելի քան 500 հազար բարել ծանր նավթ վաճառելով Եվրոպային՝ մեկ բարելի դիմաց $17 գնով: Ավելին, իրանցիները նախատեսում են մինչև 2017 թ. մարտը նավթի արդյունահանման ծավալներն ավելացնել մինչև օրական մինչև 4 մլն բարել, ինչպես այդ մասին հայտարարել է նավթի նախարար Բիժան Զանգանեն: