Չորեքշաբթի, 20 Ապրիլի 2016 16:35
Ալեքսանդր Ավանեսով

«Ռոսատոմ» ՊԸ. Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի շինարարության շուրջ բանակցությունները երբեք չեն դադարել

«Ռոսատոմ» ՊԸ. Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի շինարարության շուրջ բանակցությունները երբեք չեն դադարել

Արմինֆո. Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի շինարարության շուրջ բանակցությունները երբեք չեն դադարել: Այս մասին ապրիլի 20-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Ռոսատոմ» ՊԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը:

Նրա խոսքով, ռուսական և հայկական կողմերն այս նախագծի շուրջ գտնվում են մշտական երկխոսության մեջ: Տեխնոլոգիական տեսանկյունից, շարունակել է Կ.Կոմարովը, գոյություն ունի Մեծամորի ԱԷԿ-ի հարթակի վրա նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հնարավորությունը: Առանցքային հարցն այն է, որ այդ շինարարության համար անհրաժեշտ է ապահովել որոշակի պարամետրեր, որոնք բլոկին թույլ կտան գործել տնտեսապես արդյունավետ: Առաջին հերթին խոսքը գնում է սպառման ծավալների մասին հանրապետությունում, ինչպես նաև հզորությունները հարևան երկրներին փոխանցելու հնարավորության մասին: «Մենք համատեղ աշխատում ենք այդ նախագծի վրա, և եթե հայտնվի «հնարավորությունների պատուհան», ապա մենք հաճույթով կիրականացնենք այդ նախագիծը»,-ընդգծել է Կ.Կոմարովը, հիշեցնելով, որ նոր միջուկային էներգաբլոկի շինարարության վերաբերյալ միջկառավարական համագործակցության համաձայնագիրն ստորագրված է և շարունակում է գործել: «Հենց որ գործընկերների հետ հասկանանք, որ նախագծի իրականացման համար առկա են բոլոր տնտեսական հիմքերը, իհարկե, կաշխատենք իրականացնել այդ նախագիծը»,- ասել է «Ռոսատոմ» ՊԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Նշենք, որ 2010 թ. օգոստոսի 20-ին Ռուսաստանն ու Հայաստանն ստորագրեցին տեխնիկական և ֆինանսական համագործակցության համաձայնագիր, Հայաստանում ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ կառուցելու նպատակով: Սկզբնական շրջանում նախատեսվում էր կառուցել 1060 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ: Ռուսական կողմը պատրաստ էր նույնիսկ ֆինանսավորել աշխատանքի 20% -ը: Ավելին, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով ստեղծվեց հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն, իսկ շինարարության նախագծի կառավարումը վստահվեց է ավստրալիական Warley Parsons միջազգային կոնսորցիումին: Բայց հետագայում, պայմանավորված  ձգձգումներով և 5 մլրդ. դոլարի ֆինանսական միջոցների բացակայությունով, ՀՀ կառավարությունն ընդունեց ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին որոշում: Իսկ նոր էներգաբլոկի շինարարության հարցին կարող են վերադառնալ 2018 թվականին: